Ենթադրում եմ՝ վերնագիրը կարդալով դուք տարակուսեցիք։
«Մի՞թե մարդը կարող է ուրախանալ, երբ հանդիպում է դժվարության», -կհարցնեք դուք։
Կա՞ մեկը, որ չի ցանկանում իր խնդիրները լուծվեն հնարավորինս առանց խոչընդոտների, ձեռքի մի աննշան շարժումով, ինչպես թե իրենք-իրենց։
Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն ուզում է հաղթահարել դժվարությունները, լուծել խնդիրները հնարավորինս հեշտ և արագ։ Ու դա բնական է։
Աշխարհում ապրում է ութ միլիարդից ավել մարդ, ու բոլորն ունեն իրենց դժվարությունները։ Դժվարություններ չունեցող մարդիկ, կարծում եմ, չկան։
Դժվարությունները մեր կյանքում երբեք չեն պակասում։ Անկասկած, լինում են անհոգ պահեր, բայց դրանք երկար չեն տևում։ Մեկ էլ չգիտես որտեղից հայտնվում են խնդիրներն, ու կյանքի անհոգ փուլերին հաջորդում են դժվարությունների շրջանները։
Մի՞թե զարմանալի չէ։
Բոլոր մարդիկ, գրեթե առանց բացառության, ցանկանում են և քայլեր են անում, որպեսզի կյանքը դառնա ավելի ու ավելի բարեկեցիկ։ Սակայն, որքան էլ զարմանալի է, մարդկության առաջ կանգնած խնդիրները ոչ թե քչանում են, այլ՝ շատանում։
Սա նմանվում է սիզիփոսյան անիմաստ աշխատանքի։
Սիզիփոսյան աշխատանք
Սիզիփոսին աստվածները դատապարտել էին ամեն օր հսկա քարը բարձրացնել սարի գագաթ։ Սակայն, հասնելով գագաթին, այն հետ էր գլորվում։ Եվ Սիզիփոսը նորից ու նորից բարձրացնում էր քարը։
Մի՞թե սա նման չէ մեր ամենօրյա հոգսերին։ Մենք ևս ամեն օր մեր հոգսերի հսկա քարը գլորում ենք սարն ի վեր։ Սակայն հաջորդ օրն այն նորից հայտնվում է ստորոտում։
Ստացվում է շատ հետաքրքիր պատկեր՝ բոլոր մարդիկ, գիշերը ցերեկ դարձրած, ձգտում են հաղթահարել իրենց դժվարությունները։ Սակայն կյանքն առանց հոգնելու նորանոր դժվարություններ է ստեղծում բոլորիս ճանապարհին։ Ու այս խոչընդոտներով վազքը, թվում է, ավարտ չունի։
Եւ ո՞րն է իմաստը նախկին դժվարությունները հաղթահարելու, եթե միևնույնն է հայտնվելու են ուրիշները։
Ի՞նչ է շահում մարդը՝ անցնելով այս դժվարություններով լի անապատով։
Իսկ ի՞նչ է շահում Սիզիփոսը՝ անելով այդ անարդյունք աշխատանքը։
Առաջին հայացքից թվում է, թե ոչինչ էլ չի շահում։ Միշտ մնում է նույն զերոյական արդյունքը՝ քարը նորից ու նորից հայտնվում է սարի ստորոտում։
Սակայն այդպես է միայն առաջին հայացքից։ Իրականում, առավել խորքային իմաստով Սիզիփոսը շահում է՝ նա զարգացնում է իր մկանները, սովորում է սարն ի վեր քար գլորել։
«Լավ»,- կհարցնեք ինձ,- «իսկ այս պատմությունն ի՞նչ կապ ունի մեզ և մեր կյանքում հանդիպած դժվարությունների հետ։ Սա մեզ ի՞նչ է տալիս, ի՞նչ է սովորեցնում»։
Դժվար է ճանապարհը
Ավետարանն ասում է՝ նեղ է դուռը և դժվար ճանապարհը, որ տանում է դեպի կյանք։
Այս խոսքերի ուղիղ հետևությունն է՝ «դեպի կյանք տանող ճանապարհը լի է դժվարություններով»։
Եթե դժվարություններ չկան ճանապարհին, ուրեմն ինչ-որ բան այն չէ։
Այն, որ կյանքի ճանապարհը լի է դժվարություններով ու խոչընդոտներով, վկայում են նաև մինչև այսօր պատմված աշխարհի բոլոր միֆերն ու առասպելները։
Դրանք բոլորը պատմում են, թե ինչպես է հերոսը դուրս գալիս իր համար սովորական դարձած քաղաքից, գյուղից, միջավայրից և գնում փնտրելու մի չնաշխարհիկ բան։ Այդ ճանապարհներին անպակաս են դժվարությունները։ Բայց նա գնում է իրականացնելու իր խորքերի խորքում թաքնված երազանքը և, որպես կանոն, հասնում է հաջողության։
Մեզանից յուրաքանչյուրի կյանքը ևս դժվարություններվ և խնդիրներով լի մի ճամփորդություն է։ Մենք ևս անցնում ենք այդ անանցանելի մութ անտառներով, անապատներով, հանդիպում դևերի, մարդակեր գազանների։ Եվ ի՞նչ է փնտրում մարդն այս ճանապարհներին։
Պատկերացնու՞մ եք, թե մարդկության պատմության ընթացքում որքան սիրտ է ցավից նվաղել, որքան արցունք է թափվել, որքան կյանք է զոհաբերվել պատերազմներում, քանի քանիսն են լաց եղել և, ելք չտեսնելով, ինքնասպան եղել։
Բնական հարց է առաջանում՝ ինչու՞ է այսպես։ Մի՞թե պարտադիր է, որ ճանապարհը լինի դժվար։
Կյանքն առանց դժվարությունների չի լինում
Կյանքը փոփոխություններ է ենթադրում։ Այն առանց փոփոխությունների չի լինում։
Սակայն փոխվելը միշտ դժվար է։ Մեծ իմաստով, փոխվելիս հինը մահանում է՝ տեղ բացելով նորին։
Ամեն մի նորի ծնունդ կապված է հնի մահվան հետ։
Կյանքն ու մահն անբաժան են։ Որտեղ կա կյանք, կա նաև մահ և հետևաբար՝ դժվարություններ։
Հարց է առաջանում՝ ինչու՞ է այսպես, ի՞նչ նպատակի են ծառայում այսքան շատ դժվարությունները, ո՞նց գտնենք դրանց իմաստը։։
Դժվարությունների թաքնված իմաստը
Բնության մեջ ամեն ինչում տեսանելի է իմաստ։ Էվոլյուցիան չի հանդուրժում անիմաստ բաներ։ Եթե մի բան անիմաստ է, ժամանակի ընթացքում հետ է զարգանում և անհետանում։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ մեր կյանքի դժվարությունները ևս պատահական չեն հայտնվում, դրանք ևս ունեն որոշակի իմաստ։
Հարց է առաջանում՝ այսքան շատ դժվարությունները, որ առկա են բոլորիս կյանքում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ իմաստ ունեն։
Դժվարությունների այսքան շատ լինելն ինքնին վկայում է, որ դրանք ունեն թաքուն իմաստ։ Իսկ այն, որ դրանց մասին պատմում են բոլոր միֆերն ու առասպելները, խոսում է այն մասին, որ այդ իմաստին հաղորդ են եղել դրանց հեղինակները։
Եւ, ո՞րն է այդ վերին իմաստը, ո՞նց գտնենք այն։
Մի քանի օրինակներ
Մարդկության պատմությունը լի է այնպիսի օրինակներով, երբ մեկն անցնելով մահվան չափ դժվար իրավիճակներով, հասնում է աննկարագրելի արդյունքների։
Ներկայացնեմ դրանցից մի քանիսը։
Վիկտոր Ֆրանկլն անցավ նացիստական ճամբարներով։ Արդյունքում ձեռք բերեց մեծ փորձառություն, գրեց գրքեր, ստեղծեց հոգեբանական դպրոց, որոնք մինչև այսօր օգնում են բազմաթիվ մարդկանց հաղթահարել իրենց կյանքում հանդիպած դժվարությունները։
Գրիգոր Նարեկացին անցավ մահվանը համարժեք խորը հոգեկան տվայտանքների միջով։ Արդյունքում գրեց «Մատյան Ողբերգությանը», որն օգնեց և շարունակում է օգնել անթիվ մարդկանց գտնել իրենց Ճանապարհը, հասկանալ կյանքի իմաստը։
Մարդասպան մեկին գիտեմ, ով բանտ նստեց։ Բանտում ապաշխարեց և հիմա քրիստոնեություն է քարոզում իր շրջապատին։
Շատերին հարցրեցի՝ իրենք գիտե՞ն մեկին, որ ուրախանում է, երբ հանդիպում է դժվարությունների։
Մեկը պատասխանեց՝ «այո, գիտեմ»։ Դա ինքն է։ Ամեն անգամ դժվարության հանդիպելիս, ինքն իրեն ասում է՝ «Էս ի՜նչ լավ եղավ։ Աստված իմ առջև դրել է այս դժվարությունը, որ այն հաղթահարելով՝ ինչ-որ բան սովորեմ, որոշակի ունակություններ ձեռք բերեմ»։
Մեկ ուրիշին էլ գիտեմ, որ ինչ դժվարության էլ հանդիպի, շարունակում է համառորեն անել իր գործը։
Դժվարությունները ծառայում են մարդու կայացմանը
Ամփոփելով, համարձակվեմ պնդել՝ դժվարությունների միջով անցնելն է ապահովում մարդու էվոլյուցիան, առաջընթացը։
Առանց դժվարությունների մեծ իմաստով Ճանապարհ չկա։
Սիզիփոսը զարգացնում էր իր մկանները՝ անելով առաջին հայացքից անիմաստ թվացող գործ։ Իսկ մենք զարգացնում ենք մեր՝ ինքնուրույն գործելու ունակությունները՝ հաղթահարելով ամեն օր մեր առջև ծառացող դժվարությունները։
Որպեսզի ես ինքս ինձ զգամ, պետք է դեմ առնեմ խոչընդոտների։ Առանց դրանց ես չէի կարող զգալ ինձ։ Հետևաբար չէի կարող ինքս ինձ «ԵՍ» ասել։ Ուրեմն, դժվարությունները ծառայում են իմ Մեծ ԵՍ-ի կայացմանը։
Այս դժվարություններով ու անակնկալներով լի կյանքի ծովում է ծնվում և կայանում մարդու Մեծ ԵՍ-ը։
Եւ որքան էլ այդ պայքարը թվա անարդյունք, միևնույն է՝ կայանում է մեր Մեծ ԵՍ-ը, զարգանում է ինքնուրույն գործելու ունակությունը։
Մարդը սովորում է գործել՝ հրվելով ինքն իրենից, իր ազատությունից։
Եթե չկան դժվարություններ և դրանք հաղթահարելու ներքին մղում, ուրեմն քեզ տանում է հոսանքը, և դու չունես ազատություն։
Թերևս հենց դա է պատճառը, որ արժե ուրախանալ, երբ հանդիպում ենք դժվարությունների։ Չէ՞ որ դրանք ծառայում են աստվածային, բարձրագույն նպատակների։
Դժվարությունների վերին իմաստը նրանում է, որ դրանք հաղթահարելու պայքարում կայանում է Մարդը, նրա աստվածային Մեծ ԵՍ-ը։
Թերևս արժե վերանայել մեր վերաբերմունքը դժվարություններին:
Յուրաքանչյուր դժվարություն ուղերձ է բերում, յուրաքանչյուր խոչընդոտ՝ աճի հնարավորություն:
Իսկ դուք ի՞նչ կանեք, երբ հաջորդ անգամ հանդիպեք դժվարության։
4 Comments
Սովորել և սովորեցնում եմ, որ սիզիփոսյան աշխատանքը անպտուղ, անարդյունք աշխատանք է։ Երբևէ չէի մտածել, որ անօգուտ աշխատանքից էլ կարելի է օգուտ քաղել, օրինակ՝ մկանները զարգացնել։ Մխիթարական եզրակացություն է. նույնիսկ շատ դժվար գործը հեշտ կթվա, կամ գործընթացը դաժանորեն երկար ու անհաղթահարելի չի լինի…
Համաձայն եմ, որ դժվարությունները կոփում, հղկում են մեր ԵՍ-ը։
Շնորհակալություն այս գեղեցիկ մեկնաբանության համար։
Ընդհանրացնելով Ձեր միտքը, կարող եմ ասել՝ դժվարություններին այդ աչքերով նայելը հեշտացնում է նոր լուծումներ գտնելը և դրանք հաղթահարելը։
Իսկ, եթե կայանում է Մարդը, մարդու Մեծ ԵՍ-ը, արտաքին ստանալիք արդյունքը դառնում է երկրորդական։
This article offers a thoughtful and inspiring perspective on the role of difficulties in life. The use of the Sisyphus myth is especially effective in illustrating the repetitive nature of human struggle, and the reference to Narekatsi adds a meaningful historical and spiritual dimension. The idea that hardships can lead to growth and inner strength is presented clearly and deeply. Overall, the piece encourages readers to reflect on their challenges and consider their hidden purpose. It’s a well-written and engaging reflection
Շնորհակալություն այս գեղեցիկ մեկնաբանության և դրական խոսքերի համար, Արտաշես ջան։
Եթե իրոք մարդիկ սկսեն այս դիրքերից նայել կյանքում հանդիպած դժվարություններին, շատ հարցեր կգտնեն իրենց պատասխանները, իսկ խնդիրներն՝ իրենց լուծումները։