Կյանքը մեզ ամեն քայլափոխի մատուցում է նորանոր անակնկալներ. մեկը հիվանդանում է, մյուսը կորցնում է աշխատանքը, մեկը բաժանվում է, մյուսը՝ սիրահարվում և հեռանում, մեկ ուրիշն էլ կորցնում է ամենահարազատ մարդուն։
Յուրաքանչյուրիս կյանքը մի ոդիսական է՝ լի իր ուրույն դժվարություններով, հաղթանակներով ու պարտություններով, տխրություններով և ուրախություններով։
Աշխարհը և ճակատագիրը առանց հոգնելու ստեղծում են տարատեսակ իրավիճակներ, որոնք մեր առջև դնում են նորանոր խնդիրներ և պահանջում լուծումներ։ Այդպես է մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ անձնական, ընտանեկան, սոցիալական։ Խնդիրներն ուղեկցում են մեզ ամենուրեք մինչև մեր երկրային կյանքի վերջին օրը։
Կա՞ արդյոք մի վիճակ, խորհուրդ կամ ներքին դիրքորոշում, որը կարող է օգնել մեզ հասկանալու և լուծելու մեր առջև կանգնած խնդիրները այս բոլոր հնարավոր բազմազան դեպքերում։
Ես կարծում եմ՝ կա։ Դա հետևյալն է՝ Նայում ենք իրականությանը ինչպես երկխոսության հրավերի։
Նայում ենք իրականությանը ինչպես երկխոսության հրավերի։
Ի՞նչ է երկխոսությունն աշխարհի հետ
Երկխոսությունն աշխարհի հետ սկսվում է, երբ մենք ընկալում ենք մեզ որպես երկխոսության կողմ։ Այն գիտակցված և իմաստալից հարաբերություններն է աշխարհի հետ։
Աշխարհն, այսպես թե այնպես, անընդհատ ստեղծում է նոր իրավիճակներ, և մենք արձագանքում ենք դրանց։
Արձագանքում ենք՝ անընդհատ որևէ բան որոշելով. տանը նստե՞լ, թե՞ գնալ ինչ-որ տեղ, անել այս գործն այսպե՞ս, թե՞ այնպես, փողոցն անցնել այստեղի՞ց, թե՞ մեկ այլ տեղից, բողոքե՞լ ստեղծված իրավիճակից, թե՞ գոհանալ։
Ամեն վարկյան, գիտակցելով կամ ոչ, մենք կայացնում ենք տարատեսակ որոշումներ։ Բայց դա դեռ երկխոսություն չէ, քանի դեռ այդ ամենն անում ենք ոչ թե գիտակցված, այլ՝ բնազդորեն, իներցիաներից հրվելով, առավել առաջնորդվելով սովորություններով, համակրանքներով և հակակրանքներով։
Եթե որևէ բան մեզ դուր չի գալիս, մեխանիկորեն հակադրվում ենք։ Եթե մեկը փնովում է մեզ համար համակրելի քաղաքական գործչին, անմիջապես, առանց փորձելու հասկանալ, թե ինչու է նա այդպես ասում, ընտրում ենք հակադրվելու ներքին դիրքորոշումը։ Այսպես, մեզ ամենից հաճախ առաջնորդում է ոչ թե մեր գիտակցությունը, այլ` զայրույթը, խանդը, ժլատությունը, նախկինում ձևակերպված և քարացած պատկերացումները, իներցիաները։
Պատահում է նաև այսպես։ Ստեղծվում է իրավիճակ, որն ինչ-որ «բան է ասում» մեզ։ Սակայն մենք չենք էլ փորձում հասկանալ, թե ինչ է այն մեզ ասում։ Փոխարենը, ամեն կերպ ջանում ենք անցկացնել մեր ուզածը, համառում ենք մեր պնդումներում։ Ու քանի որ մեր ուզածին չենք հասնում, սկսում ենք բողոքել աշխարհից, ճակատագրից, շրջապատից, ծնողներից, իշխանություններից։
Այս ամենը դեռ երկխոսություն չէ։
Երկխոսությունը ենթադրում է լսել զրուցակցին, հասկանալ նրա ասածը, գիտակցված որոշել պատասխան քայլերն ու նոր միայն ՝ գործել։
Աշխարհն անընդհատ, առանց հոգնելու նոր իրավիճակներ է ստեղծում։ Դրանով նա մեր առջև խնդիրներ է դնում, ինչ-որ բան է ասում և ակնկալում մեր պատասխանը։
Մեր պատասխանը պետք է լինի ոչ թե խոսքերով, այլ՝ արված քայլերով, գործերով։
Մենք գործերով ենք պատասխանում աշխարհին։
Ճիշտ պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչ է ասում աշխարհը, ինչ ուղերձ է հղում նա մեզ։
Իրավիճակների թաքնված իմաստը
Երբ ստեղծվում է նոր իրավիճակ, տեղի է ունենում հանդիպում։
Հանդիպում ենք մենք և աշխարհը։ Աշխարհը մեզ Բան է ասում։ Եվ այդ Ասելիքը պարունակում է խորքային բովանդակություն։ Այն մեզ հարց է ուղղում և ակնկալում համարժեք պատասխան։
Որպեսզի մեր հանդիպումը լինի իմաստալից, տեղի ունենա երկխոսություն, անհրաժեշտ է հասկանալ իրավիճակի իմաստը՝ ընկալել, թե ինչ է այն ասում մեզ։ Ապա՝ գիտակցված որոշել մեր պատասխանը և հետո միայն պատասխանել։
Երկխոսությունը ենթադրում է տեսնել իմաստ տվյալ իրադրությունում։
Որպեսզի երկխոսությունը շարունակվի, մեր պատասխանը պետք է լինի համարժեք՝ այն ևս պետք է ունենա իմաստ։
Երբ փորձում ենք հասկանալ աշխարհի ուղերձը, տեղի է ունենում զարմանալի բան՝ մենք հաղորդ ենք դառնում մեր կյանքի իմաստին։ Սկսում ենք ընկալել մեր կյանքի իմաստը և մեր անելիքն այդ նոր իրավիճակում։
Որքան էլ ծանր կամ դաժան լինի մեզ հետ պատահածը, բավական է հաղորդ դառնանք իմաստին ու կգտնենք և՛ ուժ, և՛ կարողություններ՝ անելու մեր Անելիքը (բառը մտածված եմ գրել մեծատառով, քանի որ իմաստից բխող անելիքն իրոք մեծատառ Անելիք է)։
Մեզ հանդիպած ցանկացած իրավիճակ ունի իմաստ։ Փնտրենք այն և չենք սխալվի։
Իմաստի որոնումը ծայրահեղ իրավիճակներում
Հայտնի հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը երեք տարի անցկացրեց նացիստական համակենտրոնացման ճամբարներում: Այնտեղ մարդիկ ամեն քայլափոխի բախվում էին մահվան, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի։ Մեծ հոգեբանը սակայն կարողացավ այդ դաժան իրականությունը դիտարկել որպես երկխոսության հրավեր:
Նա նկատեց, որ ճամբարում ողջ մնում էին ոչ թե ֆիզիկապես ամենաուժեղները, այլ նրանք, ովքեր կարողանում էին իրենց տառապանքի մեջ իմաստ գտնել:
Օրինակ, մի գիտնական կար, ով ամեն գիշեր վերականգնում էր իր կորցրած գիտական աշխատությունը՝ գրելով այն փոքրիկ թղթերի վրա: Մեկ ուրիշը շարունակում էր ապրել՝ հույս ունենալով նորից հանդիպել իր ընտանիքին: Ֆրանկլն ինքը գտավ իր իմաստը՝ օգնելով մյուս բանտարկյալներին պահպանել հոգեկան առողջությունը և գրի առնելով իր դիտարկումները:
Այս փորձառությունից ծնվեց նրա «լոգոթերապիա» կոչված տեսությունը, որի հիմնական գաղափարներից մեկն է՝ մարդը կարող է դիմակայել ցանկացած «ինչպես»-ի, եթե գիտե՝ «ինչու»:
Ամենադաժան իրավիճակներում անգամ, հնարավոր է գտնել իմաստ և վերածել այն գործի։ Եվ հենց այս է երկխոսությունն աշխարհի հետ։
Ցանկացած իրավիճակում մարդն ունակ է գտնել իմաստ և գործել ըստ այդմ։
Նման օրինակները ցույց են տալիս, որ երբ փնտրում ենք իմաստ և պատրաստ ենք երկխոսության, անգամ անելանելի թվացող պահերին, գտնում ենք մեր անելիքը, ուժ և կարողություն այն իրականացնելու։ Եվ ոչ մի բան չի կարող մեզ կանգնեցնել։
Գիտակցված պատասխանելու արվեստը․ դադարի կարևորությունը
Երկխոսությունն աշխարհի հետ ենթադրում է, որ մենք ստեղծված իրավիճակներին ոչ թե արձագանքում ենք, այլ՝ գիտակցված պատասխանում։
Նախքան իրադրությանը արձագանքելը, լինի դա պարզապես խոսակցություն որևէ մեկի հետ կամ արհավիրք, որ թափվել է ձեր գլխին, մի պահ դադա՛ր տվեք։ Խոր շո՛ւնչ քաշեք։ Հիշեք՝ սա երկխոսության հրավեր է։ Փորձե՛ք հասկանալ թե ինչ է ասում աշխարհը Ձեզ։ Հետո որոշե՛ք ձեր անելիքը և պատասխանեք՝ խոսքով կամ գործով։
Փոքրիկ դադարը տարածություն է բացում, որտեղ հայտնվում է Իմաստը։ Եվ մենք կայացնում ենք մեր որոշումը, անում մեր քայլը կամ ասում մեր խոսքը՝ համարժեք աշխարհի ուղերձին։
Սովորենք դադար տալ։ Դադարն օգտակար է բոլոր առումներով․ այն օգնում է դուրս գալ իներցիաներից, վեր կանգնել իրադարձությունների հարթությունից և որոշել մեր անելիքը՝ հրվելով վերին իմաստից։
Դադարը տարածություն է բացում, որտեղ հայտնվում է Իմաստը։ Սովորենք դադար տալ։
Դժվարությունները որպես աճի հնարավորություն
Ծանր ու դժվարին օրերը գալիս են, որ մենք, դրանք հաղթահարելով, որոշակի որակներ ձեռք բերենք։
Երկխոսությունն աշխարհի հետ դժվար ժամանակներում առավել անհրաժեշտ և օգտակար է։ Ճգնաժամերը մեզ փոխվելու, նոր ունակություններ ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում։
Դժվարությունները իմաստավորվում են, եթե տվյալ իրավիճակում տեսնում ենք անձնական աճի հնարավորություն և ջանում այն իրականացնել։ Մեր հիմնական նպատակը ոչ միայն դրանք հաղթհարելն է լինում, այլ նաև որոշակի անձնական ունակություններ ձևավորելը։
Եթե չի հաջողվում թեթև քայլերով հաղթահարել մեր առջև դրված մարտահրավերը, մենք սկսում ենք կամք կիրառել։ Արդյունքում զարգանում է նպատակներին հասնելու մեր համառությունը։ Եվ, ընդհանրապես, մենք սովորում ենք Անել, ինչը մեզ հետ կմնա մեր ողջ կյանքի ընթացքում։
Որակները, որ ձևավորվում են անհուսալի թվացող իրավիճակներում, լինում են ամենակարևորներն ու ամենաբեղունները։ Որքան ծանր է եղել հաղթահարած իրավիճակը, այնքան ավելի արժեքավոր ու մնայուն են մեր ձեռք բերած որակները։
Կանցնի ժամանակ։ Ճգնաժամերը, դժվարությունները, ինչպես և ցանկացած ժամանակավոր բան, կմնան հետևում։ Սակայն դրանցով անցնելիս ձեռք բերած որակները կմնան։ Զի նրանք ձեռք են բերվել կյանքի ծանր օրերին։ Եվ դուք կգոհանաք և շնորհակալություն կհայտնեք աշխարհին ու ճակատագրին, որ ձեր առջև կանգնեցրին այդ դժվարությունները։
Եվ այդ ճանապարհի առաջին քայլը կարող է լինել հենց այս ներքին դիրքորոշումը՝ կյանքը երկխոսություն է աշխարհի հետ։
Հաջորդ անգամ, երբ կյանքը Ձեզ նոր մարտահրավեր ներկայացնի, դիտարկեք այն որպես երկխոսության հրավեր։ Մի պահ դադար տվեք։ Փորձեք լսել աշխարհի ուղերձը։ Այդ փոքրիկ դադարում կգտնեք և՛ իմաստը և՛ Անելիքը։
Աշխարհի հետ երկխոսությունը սկսվում է պարզ գիտակցումից՝ յուրաքանչյուր իրավիճակ կրում է իր իմաստը և սպասում է պատասխանի։
Հիմնական Դրույթներ
- Յուրաքանչյուր իրավիճակ երկխոսության հրավեր է
- Ճշմարիտ երկխոսությունը պահանջում է գիտակցված պատասխան, ոչ թե մեխանիկական արձագանք
- Դադարը հնարավորություն է տալիս լսել աշխարհի ուղերձը
- Դժվարություններն անձնական աճի հնարավորություններ են
- Իմաստի գիտակցումը ուժ է տալիս հաղթահարելու ցանկացած մարտահրավեր
Leave A Reply