Ցանկացած պատմություն երկու պատմություն է․․․ Այս միտքն ինձ հուշեց Մեդիումից իմ ստացած հերթական նամակը։ Կարդացի վերնագիրն, ու ինչ-որ բան ներսումս շարժվեց։
Ես զարմացել ու հիացել էի՝ ո՜նց են կարողացել այսքան ճշգրիտ ու դիպուկ ձևակերպել նման խորքային միտքը։
Այն ներդաշնակորեն համահունչ էր իմ ունեցած նախկին մտորումներին և ասում էր ավելին։
Այդ պահին ինձ համար ակնհայտ դարձավ, ես պարզորոշ տեսա՝ ցանկացած պատմություն երկու պատմություն է։
Ամեն մի պատմություն ունի առնվազն երկու կողմ։ Մեկն այն է, ինչ կատարվել է իրականում, տեսանելի աշխարհում։ Իսկ մյուսն այն առավել ընդհանրականն է, որ թաքնված է դեպքերի հետևում։ Այն դրանց շարժման պատճառը, նպատակն ու իմաստն է։
Ամեն մի պատմության հետևից ծիկրակում է մեկ այլ՝ առաջին հայացքից անտեսանելի պատմություն։
Ընդօրինակելով Գրիգոր Նարեկացուն՝ այն կարող ենք կոչել աննշմար պատմություն։
Գրված կամ պատմված պատմությունն այնքանով է հաջողված, որքանով ստացվել է նրբորեն ակնարկել այդ երկրորդ, թաքուն, աննշմար պատմության մասին։
Բոլոր մեծ գործերն այդ աննշմար պատմությունն են պատմում
Հոմերոսի «Ոդիսականը» պատմում է Ոդիսևսի՝ դեպի տուն ճամփորդության, ճանապարհին հանդիպած դժվարությունների և դրանք հաղթահարելու մասին։ Սակայն այն նաև մեզանից յուրաքանչյուրի կյանքի պատմությունն է։ Այն պատմում է մեզ հանդիպող և սպասող փորձությունների ու դժվարությունների մասին։
Շեքսպիրի «Համլետը», իհարկե, պատմում է արքայազնի մասին, ով սպանեց իր հորը սպանողին ու նրա թագին տիրացողին։ Սակայն այն նաև պատմում է հոգեկան տվայտանքների մասին, որոնց մեզանից յուրաքանչյուրը հանդիպում է իր կյանքի ընթացքում։
«Ռոբինզոն Կրուզոն» պատմում է մեկի մասին, ով իր ճամփորդությունների ընթացքում հայտնվել է անմարդաբնակ կղզում և կարողանում է գոյատևել այնտեղ։ Սակայն այս պատմությունը նաև մեր մասին է։ Յուրաքանչյուրս կհիշի իր կյանքից դեպքեր, երբ իր ցավերով ու խնդիրներով հայտնվել է ասես «անմարդաբնակ կղզում»։ Ու չի կարողացել գտնել մեկին, ով կլսեր իրեն, ում հետ նա կկարողանար զրուցել իր դժվարությունների ու խնդիրների մասին։
Գեղարվեստական գործն այնքանով է մնայուն, որքանով ստացվել է նրբորեն մատնանշել, ներկայացնել այդ երկրորդ պատմությունը՝ «Աննշմար Արահետը»։ Հենց այդ դեպքերի հետևում նշմարվող պատմությունն է, որ արժևորում և մնայուն է դարձնում գործը։
Վերցրե՛ք ձեր սիրած ցանկացած գեղարվեստական գործ և փորձե՛ք տեսնել արտաքին պատմության հետևում թաքնվածը, որ խոսում է ձեր սրտի հետ։
Յուրաքանչյուր պատմության երկուսը լինելն առավել ակնհայտորեն երևում են առակներում ու հեքիաթներում։ Դրանք հենց ուղիղ այդ նպատակն են հետապնդում։
Ի՞նչ են ցույց տալիս առակները
Մաթևոսի Ավետարանի 13-րդ գլխում Հիսուսը մի շարք առակներ է պատմում։ Դրանք ամենասովորական բաների՝ սերմնացանի, որոմների, թթխմորի, առևտրականի, մարգարիտի, հարստության, մանանեխի մասին են։ Միաժամանակ դրանք բոլորը պատմում են «Երկնքի Արքայության» մասին։
Բոլոր առակները սկսվում են հետևյալ բառերով՝ «Երկնքի Արքայությունը նման է ․․․»։
Ստացվում է՝ առակները սովորական մեկի համար պատմում են սերմնացանի կամ որոմների մասին, իսկ լսելու ականջ ունեցողներին՝ Արքայության մասին։
Առակը կոչված է հենց պատմելու մի պատմություն, սակայն հասկացողին հասկացնելու մեկ այլը, առավել էականը։ Առակներն ամենացայտուն օրինակներն են պատմությունների, որ երկու պատմություն են։
Կարդացե՛ք ևս մեկ անգամ Ավետարանի առակներից առաջին պատահածը և փորձեք նշմարել այն հավերժականը, ինչի մասին թաքուն պատմում է այն։
Իսկ եթե չեք հավատում Ավետարաններին, կարդացե՛ք ցանկացած այլ առակ։ Եվ փորձե՛ք տեսնել այդ առակի միջոցով պատմվող երկրորդ պատմությունը։
Առակներից պակաս խոսուն չեն հեքիաթները, միֆերն ու առասպելները։
Ինչու՞ են դրանք մեզ ձգում։ Որովհետև դրանք թաքուն պատմում են մի բանի մասին, որ ուղիղ վերաբերում է մեզ և մեր ճանապարհին։
Մեր կյանքի պատմությունները նույնպես առակներ են, որ թաքուն պատմում են աննշմար արահետի մասին։
Մեզ հետ պատահած քիչ թե շատ նշանակալի ցանկացած իրադարձություն պատմում է մի երկրորդ պատմություն։ Լսելու ականջ ունեցողները լսում են այն։
Մեր կյանքի պատմությունների թաքնված իմաստները
Գիտեմ մի նախկին պրոֆեսիոնալ մարդասպանի, որ բանտ ընկավ։ Իր մենախցում սկսեց կարդալ «Նոր Կտակարանը»։ Ու կատարվեց հրաշք՝ նա ապաշխարեց։
Բանտից դուրս գալուց հետո թողեց նախկին «մասնագիտությունը» ու հիմա բոլորին քարոզում է հավատքին դառնալ։ Ամեն օր գոհանում է Աստծուց և ճակատագրից, որ հայտնվեց բանտում, և այդ դժվարությունները բերեցին նրան իր հավատքին։
Վիկտոր Ֆրանկլը տառապանքով լի տարիներ անցկացրեց համակենտրոնացման ճամբարներում։ Իր տեսած ու ապրած դաժան իրականության հետևում նա կարողացավ տեսնել իմաստ, որն էլ օգնեց նրան ապրել և նորովի ճանաչել կյանքը։
Ի ամփոփումն իր ճամբարային կյանքի՝ նա գրեց գիրք՝ «Կյանքին ասենք՝ այո»։ Այն շատ շատերին օգնել է և շարունակում է օգնել չտրվել հուսահատության, գտնել իմաստ և շարունակել գործել հանուն այդ իմաստի։
Վիկտոր Ֆրանկլի՝ ճամբարներում անցկացրած կյանքի պատմությունը ևս երկու պատմություն է։ Առաջինը երևացողն է՝ այն, թե ինչպես է նա անցնում սովի, հիվանդությունների, տառապանքի միջով և ազատվելով այդ ամենից՝ գրում գիրք։ Երկրորդը մտքի պատմությունն է այն մասին, թե ոնց է զրկանքների ու տառապանքների մեջ կայացել իր հոգեբանական տեսությունը՝ լոգոթերապիան։
Նրա օրինակը ակնհայտ ցուցադրում է՝ ամենադաժան պատմությունների հետևում անգամ կա թաքուն իմաստ։ Այն ցույց է տալիս դժվար իրավիճակներից դուրս գալու ճանապարհը և ուժ տալիս անցնելու այն։
Ես համոզված եմ՝ մեր կյանքում դժվարությունները նույնպես տրված են դրանց հետևում թաքնված իմաստը տեսնելու և իրականացնելու համար։
Կյանքի իմաստության որոնում
Փորձեմ ամփոփել իմ սրտի հետ խոսացող, սակայն չձևակերպվող այս թեման։
Մեզ հետ պատահած յուրաքանչյուր քիչ թե շատ նշանավոր իրադարձություն իրականում երկու պատմություն է։ Մեկն այն է, ինչը տեսանելի է արտաքին աչքի համար։ Իսկ մյուսն այն դասն է, որ սովորեցնում է մեզ այդ պատմությունը։
Ամեն մի դիպված կամ պատահար ունի իր երկրորդ՝ չերևացող կողմը։ Այն պատմում է խորախոր բաների՝ մարդկության ընթացքի, Արքայության, հավերժական իմաստի մասին։
Եթե միայն կարողանանք լսել, թե ինչ են մեզ պատմում ամեն օր մեզ հետ պատահած դեպքերը, մենք հաղորդ կդառնանք Կյանքի Իմաստությանը։
Իմաստունները նրանք են, ովքեր տեսնում են դեպքերի ու պատմությունների միջոցով իրենց պատմվող այն երկրորդ, թաքուն պատմությունը։
2 Comments
Yes my dear friend, every story have hidden spiritual meaning and every event in our life guiding us to right direction. Difficulties and tribulations directing us to priceless experience and giving us ability to understand higher meaning of our life stories. This principles working as on personal level and on global level for all humanity.
Սիրելի ընկեր, Սաշա ջան, շնորհակալություն այս դրական մեկնաբանության համար։
Առանձնապես հաճելի է իմանալ քո կարծիքը։
Այո, այս սկզբունքն աշխատում է և անհատների և հանրությունների համար։