«Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։»
—Մարկոս 9:22—
Մենք ապրում ենք դժվար ժամանակներում։ Դժվարություններն ամեն քայլափոխի մեզ հետ են: Երբեմն դրանք մեզ թվում են անհաղթահարելի: Սակայն ես համոզված եմ՝ անելանելի իրավիճակներ չկան։
Իրավիճակը թվում է անելանելի, քանի որ ամբողջական պատկերը չենք տեսնում։ Անորոշությունը ծնում է վախեր և անհուսության զգացողություն։ Իսկ վախերը թույլ չեն տալիս, որ հավատանք դրական ելքին։ Վախերն ու անհավատությունը խանգարում են նշմարել իրավիճակը հաղթահարելու ճանապարհները։
Բավական է տեսնենք ամբողջական պատկերն ու ընկալենք երևույթի իմաստը, կտեսնենք նաև ճանապարհը և կհասկանանք մեր անելիքը։
Սկսենք կատարել առաջին տեսանելի քայլերը և հավատը կհայտնվի, իրավիճակն այլևս անելանելի չի թվա։ Կգտնենք և՛ ուժ, և՛ կարողություն հաղթահարելու դժվարությունները, անցնելու անանցանելի թվացող ճանապարհը։
Եթե ուզում ենք որևէ տեղ գնալ, նախ պետք է հասկանանք, թե որտեղ ենք գտնվում, պատկերացնենք այն տեղը, ուր ուզում ենք հասնել, նախանշենք քայլերն ու գնանք այդ ուղղությամբ։
Այս թվացյալ պարզ խնդիրը մենք չենք կարողանում լուծել։ Ինչու՞։
Ժամանակները փոխվում են
Խնդրի լուծումն առանձնապես դժվարանում է այն պատճառով, որ մենք ապրում ենք հիմնարար փոփոխությունների շրջանում․ այնպիսի ժամանակներում, երբ ամեն ինչ փոխվում է։ Փոխվում են հենց իրենք ժամանակները, փոխվում են հասկացությունները, խորհրդանիշները, արժեքային համակարգերը, փոխվում են մարդիկ, սոցիալական կառույցները, քաղաքական նպատակները, անգամ՝ բնությունը։ Փոխվում է ոչ միայն տեսանելին, արտաքինը, այլև շարժվում են հիմքերը։
Ամենախորքային փոփոխություններն ի հայտ են գալիս ամենուր՝ մտածողությունում, նախասիրություններում, սոցիալական հարաբերություններում, փիլիսոփայությունում:
Առավել կարևորն այն է, որ այդ փոփոխությունները հիմնականում անկանխատեսելի են։ Ոչ ոք չի կարողանում ճշգրտորեն տեսնել՝ դեպ ուր են գնում այս փոփոխությունները և որտեղ դրանք կանգ կառնեն։
Մեր նախկին փորձն ու գիտելիքները բավարար չեն բացատրելու համար երևույթները, տեսնելու, թե ուր է գնում աշխարհը։ Հին մեթոդները լիովին չեն աշխատում։
Այս հարափոփոխ աշխարհում, երբ ամեն ինչ խառնվել է իրար և շարունակում է խառնվել, պահանջվում է գտնել Արահետը, որը կհասցնի մեզ լույս աշխարհ։
Մեր խնդիրը
Մենք՝ որպես հասարակություն, ևս ապրում ենք անկանխատեսելի և մեծ փոփոխությունների ժամանակներում։
Բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած մեր առջև, սակայն մենք չենք կարողանում կանխատեսել հնարավոր փոփոխությունները։ Դժվարանում ենք որոշել՝ դեպ որ կողմ գնանք, որ ուղղությունն ընտրենք, որ լինի ապահով և համահունչ մեր կոչումին ու ներքին էությանը։
Առավել բարդացնում է իրավիճակը այն, որ մի շարք քարոզչական կենտրոններից ցանկանում են մեզ կամազրկել՝ ներշնչելով, թե մենք թույլ ենք, փոքր երկիր ենք և չենք կարող դիմագրավել մեր հակառակորդների նկրտումներին։ Մեզ փորձում են հավատացնել, որ մեր միակ հույսը մեծ տերություններից որևէ մեկի ողորմածությանը հանձնվելն է։
Իմ համոզմամբ՝ այս անհուսությունը, անհավատությունը, համատարած վախերը մեր ամենամեծ թշնամիներն են։
Ես հավատում եմ՝ չկան անելանելի իրավիճակներ։ Իրավիճակն անելանելի է թվում միայն այն պատճառով, որ չենք նշմարում Մեր Ճանապարհը։
Տեսնել դեպ ուր ենք ուզում գնալ
Թվում է, թե ակնհայտ է՝ նախքան շարժվելը պետք է գիտակցել՝ դեպ ուր ենք ուզում գնալ, որն է մեր ընթացքի, եթե ոչ վերջնական, առնվազն առաջիկա հանգրվանը:
Յուրաքանչյուր վարպետ նախքան որևէ իր պատրաստելը ջանում է մտովի տեսնել վերջնական արդյունքը, որին փորձելու է հասնել:
Յուրաքանչյուր նկարիչ կամ քանդակագործ ստեղծագործելիս ընդհանրական գծերով տեսնում է այն, ինչ ստացվելու է արդյունքում։
Յուրաքանչյուր վարորդ մեքենան նստելիս նախ որոշում է, թե ուր է ուզում գնալ, հետո՝ ընդհանուր ուղղությունը և առաջին մեկ-երկու փողոցները, որոնցով գնալու է:
Այս նմանությամբ՝ մենք ևս նախ պետք է կարողանանք տեսնել դեպ ուր ենք մենք ուզում գնալ: Ո՞րն է այն ընդհանրական ապագան, որին մենք ձգտում ենք որպես հանրություն, որպես հասարակություն: Եվ որո՞նք են մեր առաջին, ամենապարզ քայլերը։
Գիտելիքի սահմանափակության գիտակցումը
Կան մի քանի կարևորագույն սկզբունքներ, որոնց մենք պետք է հետևենք նշմարելու համար արահետը, որին կոչված ենք որպես հանրություն։
Առաջին սկզբունքն է՝ մենք շատից քիչը գիտենք, սակայն դա չենք գիտակցում։ Յուրաքանչյուրիս տեսածը մասնակի է։ Ցանկացած մեկը տեսնում է այն դիրքից, որից նայում է: Եւ տեսնում է միայն այն ուղղությամբ, որով նայում է։
Յուրաքանչյուրս փակված է իր ուրույն պլատոնյան քարանձավում և տեսնում է միայն որոշակի ստվերներ։
Քարանձավից դուրս գալու, աշխարհը ավելի ամբողջական տեսնելու արահետը սկսվում է գիտակցումից, որ տեսնում ենք միայն ստվերներ, որ մեր իմացածը ամբողջի ստվերն է ընդամենը:
Եթե մեկը կարծում է, թե գիտի, արդեն անհնար է նրան սովորեցնել։ Եթե ես մի բան գիտեմ, էլ ինչ սովորեմ։
Վերջին տարիների ընթացքում մեզ հետ պատահածը մեզ սովորեցնում է, որ մենք իրականությունը, հնարավոր ելքերը պարզապես չենք տեսնում։ Սակայն համառորեն չենք ուզում դա ընդունել։ Փոխարենը գերադասում ենք սխալները սրա-նրա վրա բարդել, սրան-նրան մեղադրել։ Պատրաստ ենք ամբողջ աշխարհին սխալ հայտարարել, միայն թե չտեսնենք, որ մեր գիտեցածն ու հասկացած «ճիշտը», մեղմ ասած, մասնակի են։
Պետք է հիշել՝ «Հրաշքից տարբեր բոլոր մեթոդները թերի են», նաև՝ մեր առաջարկածները։
Հրաշքից տարբեր բոլոր մեթոդները թերի են։
Հիրավի սոկրատեսյան բանաձևը՝ «Ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ», լավագույն սկիզբն է ճանաչողության ճանապարհին։ Սա նաև այն սկիզբն է, որ կարող է օգնել տեսնել մեր գնալիք ճանապարհը։
Էմպաթիան՝ լուծման բանալի
Երբ իրոք հասկանանք, որ այն, ինչ տեսնում ենք, ընդամենը իրականության ստվերն է և այն էլ՝ ոչ ամբողջ իրականության, այդ ժամանակ միայն կարող ենք իրականությունն առավել ամբողջական տեսնելու համար քայլեր անել։
Պատկերավոր ասած՝ ամեն մեկիս տեսածը իրականության ինչ-որ պրոյեկցիա է: Ամբողջը տեսնելու համար պահանջվում է այդ պրոյեկցիաները համախմբելու ունակություն։ Պետք է սովորենք միավորել առաջին հայացքից անհամատեղելի, իրար հակադիր թվացող տեսակետները:
Իմաստուն ղեկավարը որպես օգնականներ և խորհրդականներ ընտրում է իրենից տարբեր մտածող մարդկանց։ Նա լսում և միավորում է նրանց՝ իր գիտեցածից տարբեր տեսակետները։
Այսպես է վարվում մարդը, ով գիտե, որ ինքը շատից քիչը գիտե։
Եթե իրոք ուզում ենք գտնել Ճանապարհը, պետք է դեն դնենք բոլոր հնարավոր հակասությունները, նստենք կլոր սեղանի շուրջ և ջանանք լսել, թե ինչ են ասում մեզ հետ համաձայն չլինողները: Պետք է ջանանք, հասկանալ՝ ինչու են նրանք այդ կարծիքին, զգալ, թե ինչ ներքին մղումներով են նրանք առաջնորդվում։ Այս ունակությունը կոչվում է էմպաթիա։
Սա այն ունակությունն է, որ օգնում է մեզ զգալու հասարակության մյուս անդամի ցավերն ու ուրախությունները, հոգսերը, ներքին մղումները։ Սա այն որակն է, որ նպաստում է տեսնելու հայտնվող ապագան։
Ես համոզված եմ՝ առանց էմպաթիայի մարդկությունը ճանապարհ չունի անցնելու։
Այսօր մեր հասարակության կայացման համար էմպաթիան առավել անհրաժեշտ և ամենից շատ պահանջվող ունակությունն է։ Այն կօգնի մեզ լսելու մեկս մյուսի ձայնը և տեսնելու այն ընդհանրական ապագան, որին կոչված ենք։
Էմպաթիան փոխկապակցված է լսելու ունակության հետ։ Զարգացնելով լսելու ունակությունը՝ զարգացնում ենք էմպաթիան։
Ցանկացած իրավիճակում փորձեք պարզապես լռել և լսել։ Լռեցրե՛ք ձեր ներսում հնչող քննադատական մտքերը, դե՛ն դրեք մերժողական հույզերը, բացե՛ք սիրտը և լսե՛ք։
Ահա այսպիսի մի պարզ վարժություն։ Սկսեք այդպես վարվել և կզարմանաք, թե որքան հեշտ են գտնվում հարցերի պատասխանները։
Հավատացե’ք՝ անելանելի իրավիճակներ չկան։ Յուրաքանչյուր իրավիճակ գալիս է մեզ հորդորելու զարգացնել մեր ներսում որոշակի ունակություններ, որոնք անհրաժեշտ են առաջ անցնելու համար։
Հիմնական դրույթներ
- Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, սակայն իմ համոզմամբ՝ անելանելի իրավիճակներ չկան։
- Իրավիճակը թվում է անելանելի, քանի դեռ չենք տեսնում ամբողջական պատկերը:
- Մենք ապրում ենք մեծ փոփոխությունների դարաշրջանում՝ փոխվում են խորհրդանիշները, հիմնարար հասկացությունները և արժեքային համակարգերը:
- Առաջընթացի համար անհրաժեշտ է նախ գիտակցել մեր գիտելիքների սահմանափակ լինելը։
- Ամբողջը տեսնելու համար պահանջվում է էմպաթիա։ Այն օգնում է սովորել միավորել իրարից տարբեր, երբեմն հակադիր տեսակետները։
- Էմպաթիան զարգացնելու համար սկսենք պարզապես լսել։
- Յուրաքանչյուր դժվար իրավիճակ հնարավորություն է նոր ունակություններ զարգացնելու համար:
Leave A Reply