Հիշում եմ՝ ես սովորում էի Լենինականի Մ․ Մաշտոցի անվան դպրոցի չորրորդ դասարանում։ Մեր մաթեմի ուսուցիչն էր ընկեր Պետրոսյանը, ում բոլոր աշակերտները սիրում էին։ Նա էր գրել «Ժամանակը թանկ է, մի՛ վատնիր այն աննպատակ» կոչը և կպցրել դպրոցի միջանցքի ապակեպատ դռներից մեկի պատուհանին։
Դեռ այն ժամանակ այս միտքն ինձ շատ հետաքրքիր թվաց։ Մի ներքին զգացողություն արթնացավ ներսումս, որ կարծես անձայն հուշում էր՝ հետաքրքիր է, ի՞նչ է սա նշանակում։ Խորքում մի աննշան զգացողություն ինձ ասում էր՝ այստեղ գաղտնիք կա, այն կարող է հետաքրքիր աշխարհներ բացել։
Հարցրեցի ընկեր Պետրոսյանին այդ գրված կոչի մասին․ ի՞նչ է սա նշանակում։ Ասեցի, որ այն ինձ հետաքրքրում է։ Իսկ նա ասեց, որ այդ նույն կոչը ինքը պատրաստելու է ավելի մեծ չափսերով ու կպցնելու է ավելի երևացող տեղ։
Իմ փնտրած պատասխանը դա չէր։ Ես սպասում էի այլ մի պատասխանի։ Բայց ստացա այն, ինչ ստացա։
Այսօր, մոտ վաթսուն տարի անց, ես հիշել եմ այդ միտքն ու ընկեր Պետրոսյանին։ Ես ուզում եմ առավել խորքային հասկանամ այն։ Հատկապես որ այն զուգահեռվում է Պողոս Առաքյալի խոսքերի հետ՝ «Ժամանկը ծախու առեք»։
Ես իրոք մտածում եմ, որ ժամանակը թանկ է, որ արժի այն ծախու առնել։ Բայց իսկույն հարց է առաջանում՝ Իսկ ի՞նչ է ժամանակը, որ ես այն կարողանամ գնել։
Յուրաքանչյուրս կարծում է, թե գիտի ինչ է ժամանակը։ Սակայն, երբ փորձում ենք այն սահմանել, ոչինչ չի ստացվում։ Որքան էլ թվում է գիտենք ժամանակը, սակայն առավել մոտիկից նայելիս հասկանում ենք՝ իրականում՝ չգիտենք։
Տիեզերքի գոյության ողջ ընթացքում ոչ մի երկու ակնթարթ նույնական չեն և չեն կարող լինել։ Որքան էլ զարմանալի է՝ ամեն մի նոր ակնթարթ անկրկնելի է։ Եւ հենց այդ պատճառով այն մեզ հնարավորություն է ընձեռում՝
• Մի նոր բան սովորել;
• Նորովի ընկալել նախկինում իմացած որևէ թվացյալ վերջնական «Ճշմարտություն»;
• Ձևավորել մի նոր ունակություն կամ զարգացնել նախկին եղածը նորովի;
• Տեսնել առօրյական որևէ երևույթում արտասովորը, գեղեցիկը, վերին իմաստը։
Ստացվում է՝ ամեն մի նոր ակնթարթ, ամեն մի նոր ժամանակ մեզ հնարավորություն է ընձեռում քայլ անել դեպի ինքներս մեզ, դեպի այն կատարելությունը, որին հասնելու ներքին, թաքուն միտումով էլ ծնվել, եկել ենք աշխարհ։
Այս նոր պահը, երբ կարդում ենք այս գրությունը, մեզ համար մի նոր դուռ է բացում դեպի աստվածայինն ու կատարելությունը։
Այնպես որ, իրոք՝ «Ժամանակը թանկ է, մի՛ վատնիր այն աննպատակ»։
Գրեք ձեր կարծիքները՝ ժամանակն իրո՞ք թանկ է։ Եթե այո, ո՞նց անենք, որ չվատնենք այն աննպատակ։
Սույն կայքում ներկայացվում են խոհագրություններ Մարդու, Ճանապարհի, Իմաստի, դժվարությունները հաղթահարելու, երջանկության, ուրախության և նման այլ թեմաների շուրջ:
