Դուք, որ կարդում եք այս հոդվածը, ենթադրում եմ ինչ որ բան եք փնտրում։
Ես էլ, որ գրում եմ այս հոդվածը, հենց այս գրելով նույնպես ինչ որ բան եմ փնտրում: Բոլորս, գրեթե անընդհատ, անկախ նրանից գիտակցում ենք դա, թե ոչ, ինչ որ բան ենք փնտրում։
Յուրաքանչյուր ոք՝ տղամարդ թե կին, մեծահասակ թե երեխա, իշխանավոր թե մուրացկան, հիվանդ թե առողջ, աշխարհիկ թե հոգևորական, իր կյանքի ողջ ընթացքում փնտրում է։
Պատերազմում ենք՝ ինչ-որ բան ենք փնտրում, աշխատում ենք՝ ինչ-որ բան ենք փնտրում, նետվում ենք զվարճանքների գիրկը՝ էլի ինչ-որ բան ենք փնտրում։ Սիրում ենք, ընտանիք ենք կազմում, երեխա ենք ունենում, սովորում ենք, գրքեր ենք կարդում, գրքեր ենք գրում, մտորում ենք, սարեր ենք գնում անընդհատ ինչ-որ բան ենք փնտրում։
Մարդկության ողջ պատմությունը փնտրտուքների պատմություն է։
Եւ միթե՞ մեզ չի հետաքրքրում՝ լավ, մենք ի՞նչ ենք փնտրում, ինչու՞ ենք փնտրում, և այս փնտրտուքի իմաստը ո՞րն է։
Ես հավատում եմ՝ Անելանելի իրավիճակներ չկան, եթե գիտենք՝ ինչ ենք փնտրում։
Ի՞նչ ենք փնտրում
Նայեք այն մեղմ քնած մանուկին և հարցրեք՝ աշխարհ գալով նա ի՞նչ է փնտրում։ Հարցրեք երիտասարդին, ընտանիքի հորը, տարիների ընթացքում իմաստնացած ծերունուն և կլսեք տարբեր պատասխաններ։
Թվում է ամեն մեկը տարբեր մի բան է փնտրում, յուրաքանչյուրն իրենը։
Առաջին հայացքից մեր փնտրտուքները տարբեր են, չափազանց տարբեր։ Մեկը փնտրում է հարստանալ, մյուսը՝ իշխանություն, երրորդի փնտրածը արժանապատիվ ապրելն է։ Քիչ չեն նաև նրանք, որ հաճույք են փնտրում։ Իրենց ուզածը հենց միայն այդ հաճույքներն են։
Հարցրեցի իմ ծանոթներից մի քանիսին՝ Ի՞նչ են նրանք ի վերջո փնտրում։
Շատ հետաքրքիր պատասխաններ լսեցի, բավականին տարբեր ձևակերպումներով։
Ոմանք կարծում էին, որ իրենց փնտրածը արդարություն է։ Նրանք ուզում են ապրել արդար հասարակությունում։
Պատերազմի մասնակից մեկն ասեց, որ ինքը խաղաղություն է փնտրում։ Իմ ընկերներից մեկն էլ ասեց, որ իր փնտրածը ներդաշնակություն է։
Տասնինն ամյա մի երիտասարդ էլ ասեց, որ իր փնտրածը գնոզիս է։ Նա փնտրում է, որ գտնի երջանկություն։ Փաստորեն՝ նա փնտրում է ճանաչողություն, որ գտնի երջանկություն։
Վերջերս արտառոց մեկին հանդիպեցի։ Նա սրտի յոթ վիրահատություն էր տարել։ Ուներ դրված սրտի ստիմուլյատոր։ Չնայած էդ բոլոր խանգարող հանգամանքներին, նա չէր դադարել սարեր գնալ։ Ամեն տարի մի քանի անգամ բարձրանում էր Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը։ Չորս անգամ բարձրացել է Արարատի գագաթը։ Եղել է Հիմալայներում։ Բաց չի թողել հայաստանյան և ոչ մի քիչ թե շատ հայտնի գագաթ։ Հասկանալի է՝ նրա փնտրածը սարերն են։
Իսկ Դուք ի՞նչ եք փնտրում։
Ըստ էության՝ ի՞նչ ենք փնտրում
Սարոյանի «Ուղերձ չնչահավատներին» պատմվածքի հերոսն ասում է՝ «Աշխարհում տիրող այս ողջ խառնաշփոթի պատճառն այն է, որ մարդիկ չգիտեն, թե իրենք ըստ էության ինչ են փնտրում»։
Բոլոր հեքիաթներն ու առասպելները փնտրելու մասին են։
Ցանկացած հեքիաթի կամ առասպելի հերոս ինչ-որ պատճառով դուրս է գալիս իր քաղաքից, երկրից, թագավորությունից ու գնում է փնտրելու վերերկրային մի բան։ Դա կարող է լինել Հազարան Բլբուլը, Երգող Ծառը, Կենց Ջուրը, Թուր Կեծակին կամ իր սրտի կեսը։
Փնտրելու մասին են նաև քիչ թե շատ արժեքավոր բոլոր գրական ստեղծագործությունները՝ Հոմերոսի Իլիականն ու Ոդիսականը, Նարեկացու Մատյանը, Դանթեի Աստվածային կատագերգությունը, Չարենցի «Ի խորոց սրտին», Սարոյանի պատմվածքները։
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Ու նրանք բոլորը փնտրելու մասին են։ Փաստենք՝ մարդը փնտրում է։
Լավ, մեծ իմաստով, մարդն ի՞նչ է փնտրում։
Կա՞ արդյոք այդ հարցին մի ընդհանրական պատասխան։ Ոչ թե ես, դու կամ նա ինչ ենք փնտրում, այլ մարդու փնտրածն ի՞նչ է։ Կա՞ մի բան, որի մասին կարող ենք ասել, թե սա մարդու փնտրտուքների հանրագումարն է և, եթե մարդը գտնի այն, ուրեմն գտել է հենց այն, ինչ փնտրում է իր խորքերի խորքում։
Վերջերս կարդացի մի հոդված, որի հեղինակը պնդում էր՝ բոլոր մարդիկ իմաստ են փնտրում։
Հավանաբար՝ դա այդպես է։ Ակնհայտ է՝ ոչ մեկը չի ուզում անիմաստ բաներ անել։
Մեր օրերում, երբ ամեն ինչ փոխվում է, մարդը կորցրել է հենման կետերը և հայտնվել անորոշությունների աշխարհում։ Երևույթների իմաստն ընկալելը դարձել է կենսական անհրաժեշտություն։
Իսկ Սարոյանի հերոսը պնդում է՝ -«Բոլորը ճշմարտություն են փնտրում, բոլորը՝ ովքեր կանանց հետ քարշ են գալիս ու խաղաթղթեր խարդախում, ովքեր կորչում են խմիչքների ու ճամփորդությունների մեջ, ովքեր դրամատուն են կողոպտում ու տեղները չեն նստում, այս բոլոր-բոլորը ճշմարտություն են որոնում»: Անկասկած սա այսպես է։
Ամենամեծ հանցագործներն անգամ խոսում են ճշտի անունից, փորձում են ապացուցել, որ իրենց արածը ճիշտ է։ Ստացվում է, որ նրանք ևս ճշմարտություն են որոնում։
Հոգու խորքում մարդկանցից և ոչ մեկը չի մերժում ճշմարտությունը:
Ակնհայտ է նաև, որ մեզանից յուրաքանչյուրը երջանկություն է փնտրում։ Ավելին՝ մեր ցանկությունների հիմքում ամենից հաճախ հենց երջանիկ լինելու ձգտումն է։ Հիրավի կարող ենք ասել՝
Մեր փնտրածն ի՞նչ է, մի բուռ երջանկություն։
Չմոռանանք՝ մարդը նաև ընկեր է փնտրում։ Կարելի է նաև ասել՝ մարդը փնտրում է ինքն իրեն։
Ըստ էության նա փնտրում է նաև սեր, ներդաշնակություն, ուրախություն, խաղաղություն։
Փնտրեք և կգտնեք
Բոլորս փնտրում ենք։
Փնտրում են թագավորները, վաճառականները, հարուստները, աղքատները։ Փնտրում է և ունեցողը և չունեցողը։ Փնտրում է և տգետը և գիտունը, գիտնականը, պոետը, իմաստասերը։
Մարդիկ արդեն հազարամյակներ շարունակում են փնտրել։
Ես համոզված եմ՝ մարդուն առավել բնութագրում է ոչ թե այն թե ինչի է հասել, այլ այն թե ինչ է փնտրում։
Եթե հավատանք Սարոյանի հերոսի վերը բերված խոսքերին, (իսկ ես հավատում եմ), աշխարհի այս ողջ թոհուբոհը գալիս է նրանից, որ մարդիկ չգիտեն ինչ են ուզում կամ ինչ են փնտրում։ Երբ գիտակցում ենք թե ըստ էության ինչ ենք փնտրում, արդեն մեր նպաստն ենք բերում այս խառնաշփոթի կարգավորմանը։
Թերևս արժի ժամանակ առ ժամանակ կանգ առանենք և հարցնենք ինքներս մեզ՝ «Լավ, ի վերջո, ես ի՞նչ եմ ուզում, ի՞նչ եմ փնտրում»։
Համոզված եմ՝ հենց միայն այդ հարցի պատասխանը փնտրելը կիմաստավորի մեր կյանքը։
Եթե այդ փնտրելիքը անհասանելի է, վաղուց պետք է մարդիկ դադարած լինեին փնտրել։ Իսկ, եթե այն հասանելի է՝ ուրեմն այսքան փնտրելուց հետո, պետք է որ գտած լինեին։
Բնական տրամաբանությունը մեզ հուշում է, որ այն և անհասանելի հեռու է և անմիջականորեն մոտիկ, ինչպես գրել է տիեզերական վարդապետ Նարեկացին՝ «Իսկություն անքնին, անմատչելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր»։
Այս գրությունը ցանկանում եմ ավարտել Թովմասի պարականոն Ավետարանի հետևյալ խոսքերով՝ «Նա, որ փնտրում է, թող շարունակի փնտրել մինչև կգտնի»։
Հիշենք նաև խոստումը՝ «Փնտրեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ»։ (Մատթևոս 7.7)
Եթե այս հոդվածը Ձեզ մտորելու առիթ տվեց, վերցրեք տետր ու գրիչ, հատկացրեք տաս րոպե և գրի առեք՝ ինչ եք իրականում Դուք փնտրում։ Գրեք այն ամենն ինչ անցնում է Ձեր մտքով։ Գրեք առանց հետ նայելու։ Պատասխանեք հարցին՝ «Ձեր փնտրածն ի՞նչ է»։
Նա, որ փնտրում է, թող շարունակի փնտրել մինչև կգտնի։
Թովմասի պարականոն Ավետարան, 2
Leave A Reply