Կա մի իմաստություն, որ խոսվել է դարեդար։ Այդ մասին կան բազմաթիվ ասույթներ, թևավոր խոսքեր։ Այն շատ պարզ է, և կարելի է արտահայտել այս մի քանի բառերով՝ «Էս էլ կանցնի»։
Այս տեսանելի աշխարհում ոչ մի բան հավերժական չէ, ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ անցնում։
Այս իրողությունը մի կողմից մեզ վախեցնում է, սակայն մյուս կողմից էլ՝ մխիթարում։ Զի անցնում, գնում են ոչ միայն տխուր ու դժվար, այլ նաև՝ ուրախություններով ու բերկրանքով լի անհոգ օրերը։
Եվ չկա ողջ տեսանելի աշխարհում անխափան գործող այս օրենքին հակասող որևէ օրինակ։
Որքան էլ փախչենք այն ընդունելուց, մեր ամեն քայլափոխը մեզ ապացուցում է` Ամեն ինչ փոխվում է։
Ինչպես հանճարեղ Թումանյանն է ասել՝ «Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր»։
Աշխարհն անընդհատ փոխվում է
Այն, որ աշխարհն ամեն վայրկյան փոխվում է, ասել և ասում են բոլոր ժամանակների իմաստունները։ Առաջիններից մեկն, ով խոսել է այդ մասին, անտիկ հույն փիլիսոփա Հերակլիտոս Եփեսացին է։ Նրա փիլիսոփայական ուսմունքը հիմնված է հենց այս ասույթի վրա՝ «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»։
Նրան է պատկանում նաև հանրահայտ թևավոր խոսքը՝ «Նույն գետը երկու անգամ չես մտնի»։
Երբ երկրորդ անգամ մոտենում ենք թվացյալ նույն գետին, այն այլևս նունը չէ, այն փոխվել է։ Հին ջրերն անցել, գնացել են։
Ավելին՝ ժամանակի ընթացքում ցանկացած համակարգում անկարգավորվածության աստիճանն անկասելիորեն աճում է։ Այսինքն՝ համակարգը գնում է դեպի քաոս։
Սա էնտրոպիայի հաղթարշավն է։
Անցողիկ են նաև մեր ապրումները
Անձնական կյանքում ևս ամեն ինչ անցողիկ է՝ ցավն էլ է անցնում, դժվարություններն էլ։ Սակայն անցնում են նաև ուրախ, բերկրանքով լի անդարդ օրերը։
Սա մեզ և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում։
Ուրախացնում է, որովհետև անցնում են և անցելու են վիշտը, տխրությունները, դժվարությունները։ Ինչպես ասում են՝ «Ժամանակը բուժում է վերքերը»։
Ինչպես երգում է իմաստուն Ջիվանին՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, / Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»։
Անցողիկ են նաև ուրախությունները։ Չփորձեք կառչել ու պահել դրանք։ Այսպես թե այնպես դրանք ևս անցնելու են։ Յուրաքանչյուրիս կյանքը դրա վառ վկայությունն է։
Ունայն են մեր ջանքերը պահելու հինը։ Այն արդեն իսկ անցել է։
Որքա ՜ ն տարօրինակ է՝ ժամանակն անցնում է, և նրա հետ անցնում է ամեն ինչ։
Ու կա՞ այնպիսի մի վեմ, որի վրա, եթե կառուցենք մեր տունը, այն չի քանդվի անձրևներից ու քամիներից։
Հասանելի՞ է արդյոք մեզ վերժամանակայինը, հավերժականը։
Տառապանքների արմատը կախվածությունն է
Բուդդայական ուսմունքը սովորեցնում է, որ տառապանքների արմատը կախվածությունն է ժամանակավորից։ Մենք տառապում ենք, որովհետև կորցրել ենք մի բան, որ չենք ուզում կորցնել, ձգտում ենք պահել մի բան, որ անհնար է պահել։
Մարդն իր տեսակով այդպիսին է։ Նա ցանկանում է պահել, ոչ մի դեպքում բաց չթողնել, հավերժացնել ուրախ և անհոգ օրերը։ Սակայն դրանք, ի հեճուկս մեզ, ժամանակավոր և անցողիկ են։ Մենք ուղղակի մոռանում ենք առանց բացառությունների գործող օրենքը՝
Այն, ինչ ունի ժամանակի մեջ սկիզբ, ունի նաև ավարտ։
Մենք դա գիտենք, սակայն չենք հավատում։
Մի՛ կառչիր անցավորից, բա՛ց թող, դու չես կարող այն պահել։ Հավատա՝ անցնելու են և՛ ուրախությունները և՛ տխրությունները։
Լավ, ենթադրենք մենք արդեն իմացանք՝ անցողիկ են և՛ տխրությունները, և՛ ուրախությունները, և, որ նույն գետը երկու անգամ չենք մտնի։ Իսկ սա մեզ ի՞նչ է տալիս։ Որո՞նք են այն հիմնական հետևությունը, որ արժե անել այս իմաստությունից։
Փնտրենք անանցանելին
Եթե անցողիկ են և տխրությունները, և ուրախությունները, մնում է մեկ հարց՝ «ո՞նց գտնենք հավերժականը, անանցանելին, որտե՞ղ փնտրենք այն»։
Այս հարցի պատասխանը, ինչպես և մնացած բոլոր հնարավոր հարցերի պատասխանները, մեր ներսում է։
Յուրաքանչյուրս մոտ երեք տարեկան հասակում ունեցել է նման մի ապրում — հայտնություն՝ «Ես Կամ»։ Հիշե՛ք այդ պահը։ Հիշե՛ք այդ զգացողությունը։
Նկատեք, որ այդ «Ես կամ» զգացողությունը շարունակվում է մինչև այսօր։
Այդ «Ես եմ»-ը նա է, որ անցնում է տարիների միջով՝ մնալով նույնը։ Դա այն ինվարիանտն է, որ բոլոր հնարավոր փոփոխություններում մնում է անփոփոխ։ Փորձենք զգալ այն։
Երկու վարժություններ
Առաջարկում եմ երկու պարզ վարժություններ, որոնք կօգնեն մեզ զգալ մեր ներսում ներկա անանցանելին։
- Հիշեք ձեր մանկության մի պահ, երբ ուրախությունից թռչկոտում էիք։ Ապա հիշեք մի պահ, երբ արտասվում էիք ինչ-որ կորստի համար։ Երկու դեպքում էլ ներկա էր նույն գիտակցությունը, որ զգում ու ապրում էր այդ պահերը։ Հիշեք այն։ Այդ գիտակցությունը մնացել է անփոփոխ, չնայած հույզերի, զգացմունքների փոփոխական հոսքին։
- Փակեք աչքերը մի պահ և ուղղակի դիտեք ձեր մտքերի ու զգացմունքների հոսքը՝ առանց գնահատականի, առանց կառչելու դրանցից։ Նկատեք, որ կա մի մաս ձեր մեջ, որ դիտում է, բայց ինքը չի փոխվում։ Նա դիտորդն է, որ ներկա է՝ անկախ մտքերի, ցանկությունների և հույզերի խառնաշփոթ հոսքից։
Նա վկան է մեր կյանքի բոլոր դիպվածների՝ թե՛ ուրախ, թե՛ տխուր օրերի։ Նա է, որ ասում է՝ «Ես եմ, որ Է»։
Անցողիկի և հավերժականի սահմանագծին
Ի՞նչ է այս ամենն ասում ինձ։
Այն հուշում է՝ փնտրել անցողիկի հետևում ներկա անանցանելին, տեսնել ժամանակավորի հետևից թաքուն ծիկրակող վերժամանակայինը։
Ինչպես ցանկացած պատմություն երկու պատմություն է, այնպես էլ ամեն անցանելի խոսում ու պատմում է անանցանելիի, անասելիի մասին։
Այն կարծես ասում է՝ ո՛վ մարդ, ով էլ լինես, որտեղ էլ լինես, եթե դժվարություններում ես, գլուխդ վե՛ր բարձրացրու։ Չկասկածես՝ անելանելի իրավիճակներ չկան, ամեն ինչ անցնում է, Էս էլ կանցնի։
Այս խոհերը մեզ ասում են՝
Մի՛ տրվիր հարահոսին, Եղիր նա, որ է, նա, որ փնտրում է անանցանելին։
Եղիր նա, ով անցնում է հավերժի ճամփաներով և ասում՝ «Ես եմ, որ է»։
Ես նա եմ, որ դիտում է լավն ու վատը, բարին ու չարը, ուրախությունն ու տխրությունը։
Ես նա եմ, որ իրեն լավ կամ վատ է զգում, առողջ կամ հիվանդ, ամբողջական կամ թերի, երջանիկ կամ դժբախտ։ Ու ես քայլում եմ ու անցնում այս ճամփաներով։
Ես նա եմ, որ է, որ քայլում, անցնում է, նայում է ու ժպտում։ Եվ կրկնում եմ Թումանյանի հետ՝ «Սա էլ կանցնի՝ հանց երազում, թասը բե՛ր»։
Դու ևս եղիր վկան այս անցողիկի, ով նայում է, ժպտում և անցնում։ Եղի՛ր Հավերժի Ճամփորդը։
Ահա թե ով ես դու՝ հավերժի ճամփորդը, նա, ով գիտի, որ սա էլ է անցնելու և արդեն իսկ անցնում է։ Սակայն ամեն մի անցողիկի հետևից ծիկրակում է անանցանելին։
Ուրեմն՝ մի՛ կառչիր, ինչ-որ անցնում է, թո՛ղ անցնի։ Դու նայիր ու ժպտա։
Եղիր նա, ով դիտում և լսում է՝ բաց լինելով տիեզերքի առաջ։ Լսիր, թե ինչ է պատմում այս ժամանակավորը վերժամանակայինի մասին։
Եղի՛ր վկան։
Հիշի՛ր՝ այս անցանելին սիմվոլ է, որ պատմում է անանցանելիի մասին։
Ու սա հրաշալի է։ Դու ժպտա և ժպտալով անցիր երկու օրվա քո այս ճամփեն։
Դու վկան ես։ Դու նա ես, որ տեսնում է հավերժի հոսքը ժամանակում ու ասում հավերժին՝ ԲԱՐԵՎ։
Չկասկածես՝ Դու նա ես, որ է։ Որ նայում է, ժպտում, ցնծում, հիանում, բաց թողնում ժպտալով և անցնում առաջ։
2 Comments
The author beautifully captures the ephemeral nature of outer experiences, reminding us that both happiness and pain are temporary guests. By turning inward to the unshakable core of awareness, we rediscover the silent truth that outlives all dreams.
Thank you, dear Art, for this beautiful response.
Such responses are essential to me.
Indeed, everything in this visible world is transient.
Whatever has a beginning in time also has an end; it is temporary.