Յուրաքանչյուր պահի, գրեթե անընդհատ մեր գլխում հայտնվում են տարատեսակ մտքեր: Եվ, որպես կանոն, մենք չենք գիտակցում՝ ինչպես դրանք հայտնվեցին: Հաճախ, հետևելով այդ մտքերին, անում ենք բաներ, որոնք մինչ այդ որոշել էինք չանել։ Անում ենք և հետո մեր արածի համար ամաչում կամ փոշմանում։
Եթե անդրադառնանք մեր մտքերի ընթացքին, կնկատենք մի հետաքրքիր երևույթ։ Այդ անկոչ հյուրերին մենք ընդունում կամ մերժում ենք՝ հրվելով չգիտես որտեղից հայտնված մտքերից կամ չգիտակցված մղումներից։
Ստացվում է՝ մենք թե՛ ընդունելով, թե՛ մերժելով հայտնված մտքերը, շարունակում ենք մնալ այլ մտքերի կամ մղումների գերի:
Հնարավո՞ր է արդյոք, որ մարդն ազատվի այս գերությունների շղթայից։
Ստորև իմ մտորումներն են այդ մասին. ինչպես չդառնալ գերին մեր մտքերի ու ցանկությունների, և որո՞նք են առաջին քայլերն այդ ճանապարհին:
Մի քանի օրինակներ
Հետհայաց նայեք ձեր մտքերի ընթացքին և կնկատեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում դրանց գերին և տարօրինակ կերպով անում ենք այն, ինչը մտադիր չէինք անել:
Դիտարկենք մի քանի առավել հաճախ պատահող դեպքեր։
Ծխելու ցանկություն
Ծխող մեկի գլխում հանկարծ հայտնվում է միտք-ցանկությունը՝ «Մի հատ ծխիր»։ Ու, չնայած նա համոզված է, որ ծխելը վնասակար է և, որ հատկապես իրեն այն հակացուցված է, միևնույն է՝ թողնում է իր գործն ու դուրս գալիս ծխելու։ Նրանք, ովքեր փորձել են ազատվել այս վնասակար սովորությունից, լավ գիտեն այս կախվածության մասին։
Ես մի ընկեր ունեմ, որ ամեն անգամ ծխելուց հետո իրեն վատ է զգում և գիտակցում է, որ ծխելու հետևանքով կարող է իր սիրտը կանգ առնել։ Ու դա այդպես է։ Բժիշկներն էլ են այդ մասին իրեն ոչ մեկ անգամ զգուշացրել։ Սակայն, միևնույն է, երբ հայտնվում է ծխելու միտք-ցանկությունը, նա չի կարողանում չհնազանդվել։
Խոստովանեք, որ սա շատ տարօրինակ և անհասկանալի է։
Սոցիալական ցանցեր
Սոցիալական ցանցերից կախվածությունը ևս նման է ծխելու ցանկությանը։ Այն մեր օրերի ամենատարածված հիվանդություններից մեկն է, եթե ոչ՝ ամենատարածվածը։ Մենք չենք կարողանում կտրվել հեռախոսից, նորություններից, յութուբյան փոքրիկ հոլովակներից, տիկ-տոկից կամ ֆեյսբուքյան տեսանյութերից։ Հայտնվում է նայելու միտքը, և մենք հլու-հնազանդ վազում ենք իրականացնելու այն։
Եթե անգամ տեսնում ենք, որ այն սպանում է մեր ժամանակը, խախտում է հոգեկան խաղաղությունը, միևնույն է, չենք կարողանում «Չէ» ասել հայտնված միտք-ցանկությանը։
Զրույցներ քաղաքական թեմաների շուրջ
Հետևեք քաղաքական հարցերի շուրջ զրույցներին ու կնկատեք նման կախվածությունների բազմաթիվ օրինակներ։ Պատասխանում ենք հարցերին կամ հարցեր տալիս՝ մնալով մեր համակրանքների և հակակրանքների ազդեցության տակ։
Մենք չենք կարողանում բաց մտքով լսել զրուցակցին, այլ շարունակում ենք նախկինում մեր ներսում հաստատված մտքերը կրկնել։
Եթե մեր ընդունածից տարբեր միտք է հայտնում զրուցակիցը, մենք կանխատրամադրված ենք մերժել այն։ Մեր ներքին հիմնական մղումը լինում է ինքնահաստատումը, պնդելը, որ մեր իմացածն առավել ճիշտ է։
Այս դեպքերը, երբ մենք մնում ենք մեր մտքերի, ցանկությունների, պատկերացումների պատանդը, անթիվ են։
Հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք արդյոք մենք ազատ լինել դրանց ազդեցություններից։
Առյուծն ու շունը
Այս և նման այլ խնդիրների լուծման պատկերավոր լուծում է առաջարկել միջնադարյան տիբեթյան բուդդիզմի հայտնի ուսուցիչ Միլարեպան։
Մի առիթով նա ասել է. «Երբ վազում ես քո մտքերի հետևից, դու նման ես շպրտած փայտը հետապնդող շանը. ամեն անգամ, երբ փայտը նետում են, դու վազում ես դրա հետևից:
Փոխարենը, եղիր առյուծի պես, որը փայտի հետևից ընկնելու փոխարեն շրջվում է դեպի նետողը: Առյուծի վրա փայտ գցում են միայն մեկ անգամ»։
Փորձենք հասկանալ՝ ինչ է այս միտքը նշանակում։
Ասույթում ներկայացված պատկերը շատ խոսուն է։ Իրար են հակադրվում շան և առյուծի կերպարները։
Շան կերպարը նշանակում է հետևյալը՝ հենց հայտնվում է որևէ միտք, մենք թողնում ենք մեր անելիքն ու վազում զարգացնելու կամ իրականացնելու այն։
Առյուծը վարվում է ոչ այդպես՝ նա շրջվում է դեպի նետողը, որ հասկանա՝ այդ ով համարձակվեց իր ուղղությամբ փայտ նետել։
Առյուծի համար իր մտքերի, ցանկությունների, հույզերի աշխարհն իր տարածքն է, իր տունն է։ Ինքն է այդ տան տերը, և այդտեղ որևէ բան առանց իր իմացության չպետք է տեղի ունենա։
Առյուծի պես վարվել նշանակում է՝ ոչ թե անխոս իրականացնել հայտնված մտքի կամ ցանկության հրահանգը, այլ՝ նախ փորձել հասկանալ՝
- ո՞վ է այդ մտքի հեղինակը,
- ի՞նչ նպատակ է հետապնդում այն մեզ ներշնչողը,
- ի՞նչ է իրականում այդ միտքը մեզանից ուզում,
- այդ միտքը համահու՞նչ է մեր նպատակներին, թե՞ ոչ։
Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո նոր միայն որոշել՝ արժե՞ այդ մտքին ընթացք տալ, թե՞ այն անարժան մի բան է ու պետք է դեն նետենք ու մոռանանք։
Այս համեմատություններին հակադրվելով՝ ոմանք կարող են ասել՝ շան արածը ևս մի վատ բան չէ։ Նա ուզում է խաղալ։ Իսկ խաղը մեր կյանքում մեծ նշանակություն ունի։
Այո, ես ևս համոզված եմ՝ խաղալը կարևոր և մարդուն վայել մի բան է։ Այս առակը ևս մեզ չի առաջարկում չխաղալ։ Այլ առաջարկում է լինել խաղացողը, ոչ թե՝ խաղալիք չգիտես որտեղից հայտնված մտքերի ձեռքին։
Առյուծի դերի մեջ մտնելով՝ մենք դառնում ենք խաղացող և մենք ենք որոշում այդ նետված միտք-քայլին երբ և ինչպես պատասխանենք։
Առակս զի՞նչ ցուցանե
Յուրաքանչյուր առակ մեզ ինչ-որ բան է ցույց տալիս, ինչ-որ բան է ասում, որ կարող է «ականջ ունեցողը» լսել։
Այս առակը մեզ ասում է.
- Եղի՛ր արժանապատիվ. սրա կամ նրա նետած փայտերի հետևից վազելը քեզ վայել չէ։
- Առավել ևս քեզ վայել չէ վախենալն ու թաքնվելը կամ փախչելը։
- Քո մտքերի, հույզերի, ներքին մղումների աշխարհը քո տունն է, և դու ես այդ տան տերը։
- Քո տանը առանց քո իմացության ոչ ոք իրավունք չունի որոշումներ կայացնել։
- Հիշի՛ր, որ դու թագավոր ես։
Երբ վազում ենք հայտնված մտքերի կամ ցանկությունների հետևից, մոռանում ենք ինքներս մեզ, մոռանում ենք, որ մենք մեկն ենք, ով ստեղծված է Աստծու պատկերով և նմանությամբ, ինչպես թագավորի տղան, որ մոռացել է իր ով լինելը։
Հիշիր ինք զինքդ
Միլարեպայի առակը մեզ հիշեցնում է մեր իրական էությունը։ Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով և նմանությամբ, սակայն հաճախ մոռանում ենք այդ մասին՝ վազելով չգիտես որտեղից հայտնված մտքի կամ ցանկության հետևից։ Ինչպես թե այն մեզ կոչ է անում՝
Հիշիր ինք զինքդ, եղիր արժանապատիվ։
Ինչպես թագավորի որդին, որ մոռացել է իր ծագումը, այնպես էլ մենք ենք երբեմն մոռանում ինքներս մեզ։ Սակայն բավական է մի պահ կանգ առնել, շրջվել դեպի մեր ներաշխարհում հայտնված «հյուրը» և հարցնել.
«Դու ո՞վ ես, ո՞վ քեզ թույլ տվեց այս կողմերում հայտնվել»։
Այս փոքրիկ քայլերը վերադարձնում են մեզ մեր իրական դերին՝ լինել մեր ներաշխարհի տերը, ոչ թե պատահական մտքերի ու ցանկությունների խաղալիքը։
Ցանկացած պարագայում, որտեղ էլ լինենք, ինչ էլ պատահի, նախքան արձագանքելը մի պահ դադար տանք, հիշենք ինքներս մեզ։ Մենք կոչված ենք լինել մեր տան տերը։
Հիմնական մտքեր
- Մեր ներաշխարհում հաճախ նոր մտքեր ու ցանկություններ են հայտնվում, և մենք դառնում ենք դրանց գերին։
- Մեզ վայել է լինել առյուծի պես՝ դեմ առ դեմ կանգնել մտքերի աղբյուրին և հարցնել՝ «Դու ո՞վ ես»։
- Մեր ներաշխարհը մեր տարածքն է, և մենք պետք է լինենք դրա տերը՝ գիտակցաբար որոշելով, թե որ մտքերին ընթացք տալ։
- Նախքան որևէ մտքի հետևից գնալը, պետք է հարցնել՝ «Ո՞վ է այս մտքի հեղինակը» և «Արդյո՞ք այն համահունչ է իմ նպատակներին»։
- Ցանկացած իրավիճակում հիշենք ինքներս մեզ, լինենք արժանապատիվ։
Leave A Reply