• Մեր մասին

    Արարատը հեռվում Սույն կայքում ներկայացվում են խոհագրություններ Մարդու, Ճանապարհի, Իմաստի, դժվարությունները հաղթահարելու, երջանկության, ուրախության և նման այլ թեմաների շուրջ:
  • Հետևեք մեզ

Ճանապարհը, որ մեր ներսում է, կանչում է մեզ

12/02/2025
Ընթերցելու ժամանակը՝ 5 րոպե:

Յուրաքանչյուրիս ներսում նիրհում է մի խորքային փափագ՝ հասնել ավելիին, գտնել մի չնաշխարհիկ Բան, որ տարբեր է մեր ունեցածից։

Նայեք ձեր կյանքի ընթացքին ու կնկատեք, որ կան թեմաներ, որ ժամանակ առ ժամանակ արթնանում և հիշեցնում են իրենց մասին։ Դրանք կարծես չեն հնանում։ Երբեմն լսում ենք նրա ձայնը, սակայն առավել հաճախ, տարված առօրեական հոգսերով և այլևայլ ցանկություններով, անցնում ենք ու չենք էլ նկատում, որ մեկը մեզ ձայն է տալիս, ինչ-որ բան է ասում։

Այն մեզ կոչ է անում դուրս գալ մեր սովորությունների քաղաքից և գնալ անծանոթ ճամփաներով դեպի մեր խորքերի խորքում նիրհող իղձերի կատարում։

Սա հավերժական որոնում է, որ ուղեկցում է մեզ մեր կյանքի ողջ ընթացքում։

Որքան էլ փախչում ենք այս ներքին կանչից, որքան էլ փորձում ենք լռեցնել այն, միևնույն է, այն շարունակում է կանչել մեզ։

Եվ մենք թողնում ենք մեր ապահով, կանխատեսելի աշխարհն ու ճանապարհ ընկնում՝ գտնելու մեր թաքուն երազանքը։

Այդ ճանապարհի մասին են աշխարհի բոլոր արժեքավոր պատմությունները։

Գաուտամա Բուդդա

Սիդհարթա Գաուտաման, որ հետագայում անվանվեց Բուդդա, ծնվել էր արքայական ընտանիքում և ոչ մի բանի պակաս չուներ։

Սակայն, երբ հանդիպեց հիվանդության, ցավի, մահվան երևույթների, թողեց իր արքայական պալատներն ու գնաց գտնելու մարդու՝ տառապանքից, վշտից ազատվելու ճանապարհը։

Երեսունհինգ տարեկանում, Բոդհի ծառի տակ նստած մեդիտացիա անելիս, նա հասավ լուսավորության։

Սիդհարթա անունը Պալի լեզվում ունի “նա, ով հասնում է իր նպատակին” իմաստը։

Նրա 49-օրյա խոկումները բոդհի ծառի տակ հանգեցրին լուսավորության։

Սա մեզ սովորեցնում է, որ ներքին որոնումը կարող է հանգեցնել արմատական փոխակերպման։

Նրա ուսմունքն ու պատմությունը շարունակում են օգնել մարդկանց փնտրել, գտնել և գնալ իրենց խորքային երազանքի հետևից։

Գիլգամեշի ճամփորդությունը

Ըստ պահպանված շումերական էպոսի՝ Գիլգամեշը Ուրուկ քաղաքի թագավորն էր։

Երբ մահանում է նրա ընկեր Էնկիդուն, ում հետ նա գործել էր բազմաթիվ հերոսություններ, Գիլգամեշն առերեսվում է մահվանը։ Նա թողնում է իր քաղաքը և գնում փնտրելու անմահության գաղտնիքը։

Սակայն այդպես էլ չի գտնում անմահություն։ Փոխարենը հասկանում է մահկանացու կյանքի արժեքն ու իմաստը և վերադառնում Ուրուկ։

Գիլգամեշն էպոս է Ճանապարհի մասին, որ ուսուցանում է մահից չվախենալ, այլ փնտրել ու գտնել մահկանացու կյանքի իմաստը։

Հայկի՝ Բաբելոնից դուրս գալը

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը դեղնագանգուր մազերով, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր։

Այն ժամանակների մասին Խորենացին գրում է՝ «Ստացվեց այնպես, որ Տիտանյան Բելը «ամբողջ երկրին» տիրեց»։

Հայկը մերժեց հարմարավետ կյանքը Տիտանյան Բելի գերիշխանության ներքո, նա նախընտրեց ազատությունը և գնաց հյուսիս՝ կառուցելու իր տեսլականը։

Պատերազմում հաղթելով Բելին՝ նա սկիզբ դրեց Հայ ազգին և Հայաստան պետությանը։

Սա ևս պատմություն է Ճանապարհի մասին։

Փոքր Մհերի Փակվելը Քարանձավում

Կարևոր դաս է սովորեցնում մեզ նաև Փոքր Մհերի պատմությունը, ով «Սասնա Ծռեր» դյուցազներգության չորրորդ ճյուղի հերոսն է, Դավթի ու Խանդութ Խաթումի որդին։

Իր Ճանապարհի ավարտին նա հասնում է անմահության, սակայն մնում է անժառանգ։

Հողն այլևս չի դիմանում նրա ոտքերի տակ։ Նա փակվում է Ագռավաքարում և սպասում նոր ժամանակների գալուն։

Մի անգամ միայն մի հովիվ է տեսնում Մհերին Ագռավաքարի մոտ։ Գիշերվա ընթացքում քարը բացվում է ու երևում է դյուցազնը վիթխարի ձիու վրա և ասում է․

-Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից։

Փոքր Մհերի պատմությունը ևս Ճանապարհի մասին է։ Այն սովորեցնում է՝

Ճանապարհին ամեն Անելիք իր ժամանակն ունի։

Մեր Օրերի Որոնողները

Հերոսների մասին այս պատմությունները գրվել են որպես ուղեցույցներ մեր անցնելիք Ճանապարհների։

Եվ այնպես չէ, որ միայն անտիկ ժամանակներում են հերոսները գնացել իրենց երազանքներն իրականացնելու։

Մեր օրերում ևս քիչ չեն նրանք, ովքեր թողնելով հարմարավետ, փորձված կյանքը, նախընտրում են դժվարություններն ու գնում իրականացնելու իրենց տեսլականը։

Նելսոն Մանդելան, հավատարիմ մնալով իր խորքային երազանքին, 27 տարի բանտում անցկացնելուց հետո դարձավ Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը։

Սթիվ Ջոբսը թողեց իր համալսարանական ուսումը, հետևեց իր ներքին մղումին և հիմնեց «Apple»-ը։

Ես հանդիպել եմ հավատացյալի, ով հանուն իր հավատքի՝ 25 տարի անցկացրել է ստալինյան աքսորավայրերում։ Գիտեմ մարդկանց, ովքեր գերադասել են բանտերն ու աքսորները, սակայն չեն դավաճանել իրենց քաղաքական համոզմունքներին։ Նրանք հետևել են իրենց ներքին կոչումին։ Նման մարդիկ աջակցում են պատմության ընթացքին։

Իրենց կոչումն ուԱնելիքն ունեն ոչ միայն հերոսները ։

Մեզանից յուրաքանչյուրն ունի Այն՝ իր խորքերի խորքում նիրհող երազանքը, որ իրեն երբեք չի պարտադրում։

Լսել այդ մեղմ հնչող ներքին կանչը առանձնապես կարևոր է մեր ժամանակներում։

Պահանջվում է լինել ստեղծարար

Մենք ապրում ենք մեծ փոփոխությունների ժամանակներում, երբ շարժվում են հիմքերը։ Փոխվում է ամեն բան։ Փոխվում են մարտահրավերները, մեր առջև կանգնած խնդիրները։

Անցյալում գործող կանոններն այլևս չեն գործում։

Մենք հայտնվել ենք նոր իրավիճակում։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր լուծումներ։

Մեր ժամանակները պահանջում են դուրս գալ սովորականի շրջանակներից, անել քայլեր, որ մինչ այդ չենք արել։ Ստեղծարարությունը մեր ժամանակների հրամայականն է։

Մեր երազանքների իրականացումը ևս պահանջում է լինել ստեղծարար։

Նորն անելը մեր կոչումն է, իսկ դա առանց դժվարությունների չի լինում։

Դժվարությունները Ճանապարհի Մեր Ուղեկիցներն են

Քանի դեռ տանը նստած երազում ենք, ամեն ինչ անվտանգ է։ Դժվարությունները սկսվում են, երբ դուրս ենք գալիս իրական աշխարհ և անում քայլեր դեպ մեր երազանքների իրականացում։

Ավելին՝ ճանապարհն առանց դժվարությունների չի լինում։

Դժվարությունները նաև մեր ճանապարհի ուղեցույցներն են։ Եթե դժվարություններ չկան, ուրեմն կա՛մ ճանապարհից շեղվել ենք, կա՛մ քնած ենք։

Ավետարանը պնդում է՝ «Նեղ է դուռը և դժվար ճանապարհը»։

Եթե մեկը ճանապարհին է և փնտրում է իղձերի իրականացում, դժվարությունների շատանալը վկայում է հանգրվանի մոտ լինելու մասին։

Դժվարությունները կարող են վախեցնել, սակայն չմոռանանք՝ դրանք նաև մեր աճի հնարավորությունն են:

Գուցե արժի ուրախանա՞լ, երբ հայտնվում ենք դժվարություններում։

Սխալները ևս Մեր Ուղեկիցներն են

Սխալները ևս թող ձեզ չտխրեցնեն։

Ճանապարհին գործած սխալները մեր օգնականներն են։

Սխալներ գործելով ենք մենք սովորել խոսել, քայլել, գրել։ Ցանկացած հմտություն մենք ձեռք ենք բերել սխալվելով։

Առանց ընկնել-ելնելու ոչ մի երեխա չի սովորել քայլել։

Եթե մենք սա գիտենք, սայթաքելն ու ընկնելը մեզ արդեն այնքան էլ ցավ չի պատճառում։

Ավելին՝ Ադամ Օսբորնը պնդում է․

«Ամենաարժեքավոր բանը, որ կարող ես անել, սխալն է»։

Մեր գործած սխալները մեզ ավելին են սովորեցնում, քան ճիշտ կատարված քայլերը, եթե միայն մենք գնում ենք մեր երազանքների հետևից։

Ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ մեզ որոշակի դաս է տալիս, ինչ-որ բան է ասում։ Բավական է այդ դասը սովորենք, կփոխադրվենք հաջորդ դասարան ու կանցնենք առաջ։

Սակայն չծայրահեղացնենք՝ եթե միայն սխալներ գործենք, ոչ մի տեղ էլ չենք հասնի։ Սխալներն անհրաժեշտ են, որպեսզի դրանց միջոցով սովորենք, ոչ թե՝ հարատևենք դրանցում։

Դժվարությունները, սխալները, անհաջողությունները արթնացնում են մեզ և մղում մի նոր բան սովորելու, մի նոր ունակություն ձեռք բերելու։ Դրանք թող քեզ չվախեցնեն։

Քո Անելիքը թվում է անհնար մինչև Այն չես անում։

Երազանքի Կանչը

Աշխարհի բոլոր մեծ գործերը սկսվում են այն բանից, որ մեկի սրտում արթնանում է մի անհաղթահարելի մղում, և նա դուրս է գալիս տանից ու գնում իրականացնելու իր երազանքը։

Մարդկության բոլոր մեծ առաջնորդների, հերոսների պատմությունները նրանց խորքերի խորքում թաքնված երազանքների իրականացման Ճանապարհի մասին են։ Այդ Ճանապարհի մասին են նաև լավագույն ստեղծագործությունները։

Չկան ուրիշ պատմություններ։ Բոլոր պատմությունները Ճանապարհի մասին են։

Դրանք այնքանով են արժեքավոր, որքանով մեզ պատմում են Ճանապարհի, հնարավոր դժվարությունների, դրանք հաղթահարելու և առաջ անցնելու մասին։ Մեր ներսում հնչող անհաղթահարելի արկածների կանչը ևս Ճանապարհի մասին է։ Այն կոչ է Ճանապարհի։

Ու լավ է, եթե մենք այն գիտակցում ենք և քայլ ենք անում գիտակցաբար։

Գտի՛ր քո երազանքը, քո կոչումը և, եթե գտար, առանց վարանելու քա՛յլ արա։

Ճանապարհը, որ մեր ներսում է, կանչում է մեզ։

Author

  • Բենիամին Հովակիմյան
    Բենիամին Հովակիմյան

    View all posts
Post Views: 455
Անձնական ԱճԴժվարություններերազանքներԿյանքի_ՈւղիՃանապահներքին_կանչՍտեղծարարություն
Share

Uncategorized

Բենիամին Հովակիմյան

You might also like

Մտորումներ գրելու մասին
10/10/2025
Էս էլ կանցնի՝ հանց երազում
12/05/2025
Իսկ Դուք ուրախանու՞մ եք, երբ հանդիպում եք դժվարությունների
22/03/2025
  • Հետևեք մեզ Ֆեյսբուքում

    Facebook Pagelike Widget
  • Հետևեք մեզ Medium.com-ում

    Every Story Is Actually Two Stories

    ...

    What to Do When Facing Difficult Situations?

    ...

    Remember Yourself: The Lion and the Dog

    ...

  • Պիտակներ

    #Ինքնաճանաչում Theory U Անձնական Աճ Առակ Ատելության խաոսք Արժանապատվություն Գրել Դժվարություններ Երկխոսություն Էմպաթիա Ժամանակ Իմաստ Ինքնակառավարում Ինքնաճանաչում Լսել Կախվածություն Կյանքի_Ուղի ԿյանքիԴասեր Հավերժական Փնտրտուք Հիշիր ինք զինքդ Ճանապահ Ճշմարտության Ճանաչում Մեծ ԵՍ Յու տեսություն Ներքին Ազատություն Ուշադրություն Պատմություն Ստեղծարարություն Վախ Տեսնել Ապագան Փնտրել իմաստ Քայլել Օտտո Շարմեր երազանքներ ներքին_կանչ նորարարություն սկսելուՎախ փոփոխություններ
  • Բաժանորդագրություն



  • Բաժանորդագրություն


Copyright © 2025