• Մեր մասին

    Արարատը հեռվում Սույն կայքում ներկայացվում են խոհագրություններ Մարդու, Ճանապարհի, Իմաստի, դժվարությունները հաղթահարելու, երջանկության, ուրախության և նման այլ թեմաների շուրջ:
  • Հետևեք մեզ

Լսելու ունակության մասին

30/05/2024
Ընթերցելու ժամանակը՝ 3 րոպե:

Մեզնից շատերը կարող են վկայել, որ ամենածանր հոգեկան վիճակներն անգամ փոխվում, թեթեւանում են, երբ կողքիդ է լինում մի սրտակից, քեզ լսող ընկեր։ Նկատած կլինենք նաեւ, որ լսող ընկերոջ հետ զրուցելիս ծնվում են նոր, հաճախ քեզ համար զարմանալի մտքեր։

Կարող ենք փաստել՝ ամենակարեւոր որակներից մեկը, որ մարդը պետք է ունենա, լսելու ունակությունն է։ Դա հենց այն է, որի պակասը մենք այսօր զգում ենք գրեթե բոլոր ոլորտներում։ Լսելն առանձնապես կարեւոր է առաջնորդության պարագայում։ Այն առաջնորդության համար անհրաժեշտ որակներից, հավանաբար, ամենաքիչ գնահատվածն է: Բայց իրականում լսելու ունակությունը բոլոր մեծ առաջնորդությունների հաջողությունների ակունքն է։

Առաջնորդությունը ենթադրում է ամբողջը լսելու, տեսնելու առավել մեծ կարողություն, քան որեւէ այլ որակ։

— Օտտո Շարմեր

Մեր ժամանակներում, երբ ամեն ինչ փոխվում է, առավել է կարեւորվում լսելու ունակությունը։ Էվոլյուցիոն անցում կատարելու համար, էականորեն ՆՈՐԸ գտնելու համար այսօր պահանջվում է խմբային մտածողություն, երբ մտածում է ո՛չ մեկը, այլ խումբը։ Իսկ դրան հասնելու անհրաժեշտ եւ, թերեւս, ամենակարեւոր պայմանը լսել կարողանալն է։

Սովետական տարիներին պատմում էին մի անեկդոտ․ աշակերտը պատառոտված շորերով, ուշացած մտնում է դասարան։ Ուսուցիչը հարցնում է՝ «Ինչո՞ւ ես ուշացել»։ Աշակերտը՝ «Մի կույրի օգնեցի անցնելու փողոցը»։ Ուսուցիչը՝ «Իսկ ինչո՞ւ են շորերդ պատառոտված»։ Աշակերտը՝ «Չէր ուզում անցնել»։ Լսելու ունակություն չունեցող առաջնորդը նման է այս անեկդոտի «հերոսին»։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) վերջին մոտ քսան տարում զարգանում է մի տեսություն, որ սերտորեն առնչվում է լսելու ունակությանը։ Այն կոչվում է «Յու տեսություն», անգլերեն անվանումը՝ «Theory U»:

Տեսության հեղինակն ազգությամբ գերմանացի, MIT ավագ դասախոս Օտտո Շարմերն է։ «Յու տեսուոթյունը» մասնավորապես ուսումնասիրել է նաեւ լսելու չորս հիմնական հարթություններն ու հնարավոր կերպերը։

Առաջինը կոչվում է Բնազդային ներբեռնում — Downloading, երբ մարդը լսում է միայն այն, ինչն ինքն արդեն համարում է ճիշտ, լսում է միայն իր գիտցածը եւ իր համար ընդունելին։ Այս ընթացքում մարդը ձեւացնում է, թե լսում է, վերջում քաղաքավարի ժպտում է եւ հեռանում՝ զրույցից ոչինչ չստանալով։ Հիմնական մղումը դատելը եւ ինքնահաստատվելն է։

Երկրորդ հարթությունը կամ լսելու կերպը կոչվում է Փաստացի լսում — Factual Listening: Այս դեպքում բացվում է մարդու միտքը, եւ նա լսում է մտոք, փաստում է իր գիտցածի եւ լսածի տարբերությունները, բայց բնավ պարտադիր չէ, որ ընդունի դրանք։ Մարդու, լսողի վիճակը կոչում են «Բաց միտք», քանի որ լսում է մտքով։ Արդյունքում նա մտքում մերժում է իր գիտցածի հետ չհամընկնողը, իսկ այդ ընթացքում մտածում, թե ոնց պատասխանի եւ ինքնահաստատվի։

Երրորդ հարթությունը կամ լսելու կերպը կոչվում է Ապրումակցային կամ Էմպաթիկ լսում — Empathic Listening: Այս դեպքում մարդը լսում է ոչ միայն մտոք, այլ նաեւ սրտով, զգում իր զրուցակցի հույզերը, փորձում ըմբռնել, թե ինչու է նա պնդում իր տեսակետը եւ ուր է ձգտում։ Մարդու, լսողի վիճակը կոչում են «Բաց սիրտ»։ Նա սկսում է տեսնել երեւույթները դիմացինի, զրուցակցի աչքերով, զգում նրա զգայարաններով։ Տեղի է ունենում ներքին դիրքորոշման տեղաշարժ։

Չորրորդ հարթությունը կամ լսելու կերպը կոչվում է Ստեղծագործական լսում — Generative Listening: Սա ամենախորքայինն է, երբ մարդը լսում է բոլոր զգայարաններով, իր ողջ էությամբ։ Այս դեպքում մարդը լսում է ոչ միայն իր զրուցակցին, այլ նաեւ զգում է թեմայի, դիսկուրսի ակունքները։ Դա մաքուր կտավի առաջ կանգնած նկարչի կամ ճերմակ էջի առաջ նստած պոետի վիճակն է։

Ըստ «Յու տեսության»՝ այս վիճակում մարդը լսում է Ապագայից, այն ապագայից, որն արդեն ներկա է, եւ միայն պոետի, նկարչի աչքը կարող է այն տեսնել։ Չորրորդ հարթությունում զրույցը դառնում է փոխլրացնող, եւ մեկը մյուսին համոզելու համար փաստարկներ ներկայացնելու կարիք չկա։ Նման զրույցներում է ծնվում նորը, եւ տրվում են ուժ եւ իմաստություն՝ աջակցելու նրա կայացմանը։

«Յու տեսությունը» ներկայացնում է ոչ միայն այս չորս հարթությունները, այլ նաեւ այն քայլերը, որոնք անելով՝ մարդը կարող է անցնել մի հարթությունից մյուսը մինչեւ «Ստեղծագործական լսում»։

Օտտո Շարմերը ասում է․ «Կառավարման անհաջողությունների բուն պատճառը հաճախ լսելու ունակության բացակայությունն է, որի հետևանքով ղեկավարը կտրվում է իրական կյանքից եւ չի տեսնում այն ամենը, ինչ կատարվում է այս պահին»:

Ակնհայտ է․ առանց համագործակցության մեր ուզած աշխարհը չենք կառուցի, իսկ համագործակցության համար նախ պետք է սովորենք լսել։ Սա ճիշտ է բոլոր ոլորտներում, հատկապես կառավարման։

Author

  • Բենիամին Հովակիմյան
    Բենիամին Հովակիմյան

    View all posts
Post Views: 116
Theory UԼսելՅու տեսությունՕտտո Շարմեր
Share

Uncategorized

Բենիամին Հովակիմյան

You might also like

Ցանկացած պատմություն երկու պատմություն է
13/03/2025
Մերժենք Ատելության Խոսքը․ ընտրենք Երկխոսությունը
25/02/2025
Անելանելի իրավիճակներ չկան
19/12/2024
  • Հետևեք մեզ Ֆեյսբուքում

    Facebook Pagelike Widget
  • Հետևեք մեզ Medium.com-ում

    Every Story Is Actually Two Stories

    ...

    What to Do When Facing Difficult Situations?

    ...

    Remember Yourself: The Lion and the Dog

    ...

  • Պիտակներ

    #Ինքնաճանաչում Theory U Անձնական Աճ Առակ Ատելության խաոսք Արժանապատվություն Գրել Դժվարություններ Երկխոսություն Էմպաթիա Ժամանակ Իմաստ Ինքնակառավարում Ինքնաճանաչում Լսել Կախվածություն Կյանքի_Ուղի ԿյանքիԴասեր Հավերժական Փնտրտուք Հիշիր ինք զինքդ Ճանապահ Ճշմարտության Ճանաչում Մեծ ԵՍ Յու տեսություն Ներքին Ազատություն Ուշադրություն Պատմություն Ստեղծարարություն Վախ Տեսնել Ապագան Փնտրել իմաստ Քայլել Օտտո Շարմեր երազանքներ ներքին_կանչ նորարարություն սկսելուՎախ փոփոխություններ
  • Բաժանորդագրություն



  • Բաժանորդագրություն


Copyright © 2025