Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞րն է գրելու մասին այն Հիմնական Միտքը, որ ես ուզում եմ հասկանալ և փոխանցել։
Այդ միտքը հետևյալն է՝
«կյանքի դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մեկին, առանց տատանվելու, խորհուրդ եմ տալիս գրել»։
Գրել ասելով՝ ի նկատի ունեմ, երբ մեկը վերցնում է գրիչը կամ բացում է համակարգիչն ու սկսում գրել։
Գրելը հրաշագործ միջոց է։ Այն մեր ունեցած ամենալավ գործիքներից մեկն է, որ կարող է օգտակար լինել ցանկացած իրավիճակում։
Եթե հայտնվել ես անլուծելի թվացող խնդիրների հորձանուտում, առաջին բանը, որ արժե անել, գրելն է։
Եթե ունես որևէ գործ սկսելու ներքին մղում, լավագույն սկիզբը այդ մասին գրելն է։
Եթե մտքերդ խառնիճաղանջ են ու չես կողմնորոշվում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, գրի՛ր, շարադրի՛ր դրանք։
Եթե հայտնվել ես երկընտրանքի առաջ, չգիտես՝ որն անես, որը թողնես, սկսի՛ր գրել։ Ու կզարմանաս, թե որքան հեշտությամբ կկողմնորոշվես, թե որն անես, որը թողնես ապագային, իսկ որից ընդհանրապես հրաժարվես։
Գրելը պարզություն է մտցնում անհասկանալի իրավիճակներում։
Գրելը լույս է վառում մութ աշխարհներում։ Ավելին՝ այն մի անհասկանալի և հրաշագործ ձևով, ինչպես հեքիաթներում, մեզ հանում է լույս աշխարհ։
Գրելն օգնում է տեսնել մեր ներսի ստվերը։ Սկսիր գրել ու կզարմանաս՝ կտեսնես ոչ միայն ստվերը, այլ նաև՝ այն վերափոխելու քայլերը։
Հավատացնում եմ ձեզ՝ գրելիս մենք շատ ավելի պարզորոշ ենք տեսնում մեր մտքերում առկա ճիշտն ու սուտը։ Գրելիս, անկախ մեզանից, մենք ամեն ինչ անում ենք, որ սուտը չանցնի։
Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ ինչպե՞ս գրել։
Ինչպե՞ս գրել
Սկզբի համար առաջարկում եմ գրել առաջին պատահած կամ ձեզ հուզող հարցն ու առանց դադար տալու, ամենապարզ և հասկանալի բառերով ձևակերպել այն ամենը, ինչ հնչում է ձեր մտքում՝ որպես պատասխան։
Հարցերը կարող են լինել շատ բազմազան։ Մի քանի օրինակներ․
• Որո՞նք են իմ նպատակները։
• Ի՞նչ անեմ իմ նպատակներն իրականացնելու համար։
• Որո՞նք են առաջին փոքրիկ քայլերը իմ նպատակներն իրականացնելու ճանապարհին։
• Ի՞նչն է ինձ խանգարում։
Եթե հայտնվել եք անորոշ իրավիճակում, հարցրեք՝ «Լավ, ես ի՞նչ եմ ուզում։ Իմ ուզածն ի՞նչ է»։
Իսկ եթե նկատում եք, որ ճախրում եք երազանքներում և չեք կարողանում իջնել երկիր, հարցրեք՝ «Ես ի՞նչ եմ հենց այս պահին զգում»։
Ձևակերպե՛ք ձեր հարցերը, սկսե՛ք գրել ի պատասխան հնչած մտքերը, և կզարմանաք, թե որքան ավելի տեսանելի է դառնում ձեզ համար իրավիճակն ու կյանքն ընդհանրապես։
Այնպես որ, էլ դադար մի՛ տվեք, վերցրե՛ք թուղթ, գրիչ, գտե՛ք մի հարմար տեղ և սկսե՛ք։
Հարցը գրեք և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեք պատասխանել։
Գրե՛ ք ինչ անցնում է ձեր մտքով։ Գրե՛ք առանց կանգ առնելու։ Մի մտածեք՝ ինչ գրել կամ դա արժի գրե՞լ, թե՞ ոչ։ Ուղղակի պատասխանեք ձեր ձևակերպած հարցին։ Ոչ մի նշանակություն չունեն տառասխալները։ Ուշադրություն մի դարձրեք կետադրական կամ շարահյուսական կանոններին։
Գրեք այնպես, ասես գրում եք ազատ անկումում, օդում որսալով բառերն ու մտքերը։ Գրեք հնարավորինս արագ։ Այդ պահին կարևոր է միայն այն, որ ոչ մի ծագած միտք կամ ձևակերպում բաց չթողնեք։ Հոգս մի արեք, թե ինչ կմտածեն մարդիկ կամ որքան ընդունելի կամ մերժելի կլինեն ձեր գրածները։ Դուք մարդկանց համար չեք գրում։ Դուք գրում եք ձեզ համար։
Դուք պետք է համոզված լինեք, որ ձեր գրածները ոչ ոք չի կարդա։ Դուք գրում եք միայն ձեզ համար։
Սկսեք գրել և կնկատեք, որ գրում եք բաներ, որոնք խոսում են ձեր սրտի հետ։
Մի կարճ ժամանակ հետո իմ այս մտորումների մասին կասեք՝ «այնտեղ շատ ավելի քիչ է ասված, քան գրելը տալիս է»։
Ստորև իմ պատասխանը հարցին՝ Լավ, ես ի՞նչ եմ ուզում։
Ես ուզում եմ ավելի ու ավելի հաճախ գտնվելով այս կողմերում, որտեղ հարցերը հայտնվում են պատասխաններով, գրել իմ գրելիքը, գրել այնպես, որ մարդիկ կարդան և ըստ այդմ վարվելով՝ գտնեն իրենց հարցերի պատասխանները։
Սույն կայքում ներկայացվում են խոհագրություններ Մարդու, Ճանապարհի, Իմաստի, դժվարությունները հաղթահարելու, երջանկության, ուրախության և նման այլ թեմաների շուրջ:
