Սույն կայքում ներկայացվում են խոհագրություններ Մարդու, Ճանապարհի, Իմաստի, դժվարությունները հաղթահարելու, երջանկության, ուրախության և նման այլ թեմաների շուրջ:
Հետևեք մեզ
Սկսի՛ր, և գործն առաջ կգնա
23/01/2025
Որքան հաճախ է պատահում, որ մենք լռվում, մնում ենք ինչ-որ կետում ու ոչ մի կերպ չենք կարողանում առաջ անցնել։
Թվում է՝ գիտենք, թե ինչ պետք է անենք: Գիտենք՝ ինչից սկսել և ինչով ավարտել: Բայց ինչ-որ բան խանգարում է։ Ասես կախարդանք լինի՝ չի ստացվում անգամ առաջին քայլն անել։
Ստորև իմ մտորումներն են նման վիճակներից դուրս գալու մասին։
Իմ պատմությունը
Մի քանի ամիս առաջ ես հայտնվել էի նման վիճակում։ Ուզում էի գրել, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում։
Ամեն օր ինքս ինձ ասում էի՝ «Դու այսօր անպայման պետք է գրես»։ Բայց օրն անցնում էր, ու ես այդպես էլ ոչինչ չէի գրում։
Հենց որոշում էի գրել, այդ պահին հայտնվում էին այլ և այլ անելիքներ, և գործն անգամ չէր հասնում իմ գրելու հավելվածը բացելուն։
Կամ անհապաղ գործեր էին ծագում, կամ էլ այնքան հոգնած էի լինում, որ չէի կարողանում դիմադրել հանգստանալու ցանկությանը: Պատահում էր նաև, որ հենց այդ պահին մեկը զանգում էր և առաջարկում միասին սուրճ խմել, երբեմն էլ ուղղակի սկսում էի նայել նամակներս ու վերջին նորությունները։
Նկատում էի, որ օրն անցել է, իսկ ես այդպես էլ ոչինչ չեմ արել։ Ու սա կրկնվում էր ամեն օր։
Հիշու՞մ եք «Արջամկան օրը» ֆիլմը։ Ֆիլմի հերոսը լռվել էր ժամանակի հանգույցում. ամեն առավոտ արթնանում էր եւ նկատում, որ կրկնվում է նույն օրը։
Սա մասնավոր մի դեպք չէ
Նման երևույթ կարելի է նկատել բազմաթիվ այլ հարցերում ևս։
Որոշում ենք՝ սպորտով կզբաղվենք, բայց այդպես էլ չի ստացվում առաջին քայլն անել։
Նկարիչն ուզում է նկարել, սակայն կանգնում է պատրաստի կտավի առաջ և չի կարողանում սկսել։
Ծրագրավորողներն ինձ կհասկանան: Հանձնարարություն ստանալիս՝ փոխանակ միանգամից անցնենք գործի, սկսում ենք մտածել հնարավոր խնդիրների մասին: Հետո անցնում ենք համացանցում դրանց լուծումները փնտրելուն։ Եւ գործն այդպես էլ առաջ չի գնում։
Իսկ գործն առաջ է գնում, երբ պարզապես անում ենք, առանց դեսուդեն նայելու։
Փաստորեն, ինձ հետ պատահածը մասնավոր մի դեպք չէ, այլ բավականին տարածված երևույթ։
Եվ արժե հասկանալ՝ ինչու՞ չի ստացվում անել և ինչպե՞ս անենք, որ ստացվի։
Ինչու՞ չի ստացվում անել
Անկասկած, որևէ գործ չանելու համար կարող են բազմաթիվ, իրարից լիովին տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ լինել։
Բայց առաջին հայացքից շատ զարմանալի է, երբ շատ ենք ուզում որևէ բան անել, գիտենք, թե ինչ ենք անելու և ինչպես, բայց ոչ մի կերպ չի ստացվում սկսել։
Իմ կարծիքով, այս դժվարության հիմնական պատճառը վախն է։ Մենք քայլ չենք անում, որովհետև վախենում ենք սխալվել։ Իսկ մենք ոչ մի դեպքում չենք ուզում սխալվել։
Կարծես ուսուցիչը մեզ հարց է տվել, սպասում է պատասխանի, իսկ մեր ականջը դասարանի կողմն է՝ սպասում ենք, թե ով որևէ միտք կհուշի։ Մենք վախենում ենք սխալվել եւ ցածր գնահատական ստանալ։
Սխալվելու վախը
Սխալվելու, սխալ քայլ անելու վախը, չնայած թվում է բնական, այն ամենից շատ է խանգարում մեզ գործել, հատկապես՝ ստեղծագործաբար։
Այս վախը գալիս է դեռ մանկուց։ Այն մեզ ուղեկցում է շատ փոքր տարիքից։
Վախենում էինք սխալվել, որ ծնողները կամ մանկապարտեզի դաստիարակը չպատժեն: Դպրոցում վախենում էինք ցածր գնահատական ստանալուց, իսկ ինստիտուտում՝ քննությունից կտրվելուց։
Այսպես մեր մեջ արմատացավ մի մղում՝ կողքինի աչքին լավը երևալու, ծնողի, ուսուցչի, ընկերոջ գովասանքին արժանանալու մղումը: Մեր մեջ որոշող դարձավ սխալվելու վախը և մարդկանցից գովասանք ստանալու մղումը։
Այդ վախը առանձնապես արտահայտվում է ստեղծագործող մարդկանց մոտ, այն կոչվում է «Սպիտակ թղթի վախ» կամ ստեղծագործական ճգնաժամ։
Սա այն դեպքն է, երբ գրողը նստում է գրելու և ոչ մի կերպ չի կարողանում սկսել, երբ նկարիչը կանգնում է կտավի առաջ և չի կարողանում նկարել, երբ որևէ մեկը գիտի, թե որն է իր համար լավագույն անելիքը, բայց ոչ մի կերպ չի ստացվում սկսել։
Սխալվելու վախը մեր վերջին թշնամին է ստեղծագործելու ճանապարհին։
Մտորում էի այս հարցերի շուրջ, երբ հիշեցի աղջկաս հետ կապված մի շատ գեղեցիկ և ուսանելի պատմություն։
Աղջկաս պատմությունը
Տարիներ առաջ, երբ աղջիկս հինգ կամ վեց տարեկան էր, հաճախում էր նկարչական խմբակ ու, իմ կարծիքով, շատ լավ էր նկարում։
Մի նկար էր նկարել, որն, ըստ իս, լավ էր ստացվել։ Հիշում եմ՝ գետ էր, կողքերին մեծ-մեծ քարեր։ Հատկապես ինձ զարմացրեց այն, որ պատկերում զգացվում էր տարածությունը։ Երեխաների նկարներում դա հազվադեպ է պատահում։
Ասացի աղջկաս․
-Էս ի՜նչ լավ ես նկարել, ես էլ կուզենայի սովորել այսպես նկարել։
Նա զարմացած աչքերով նայեց ինձ և ասաց․
-Բայց դա շատ հեշտ է։ Վերցնում ես վրձինը, թաթախում ներկի մեջ ու նկարում։
Շատ եմ մտածել այս խոսքերի մասին։ Համոզված եմ՝ այստեղ թաքնված է անելու գաղտնիքը, որ իմ վեց տարեկան աղջիկը սովորեցրեց ինձ տարիներ առաջ։ Եւ ես այսօր հասկանում եմ, որ իրոք դրա մեջ ոչ մի դժվար բան չկա։
Գրելու մեջ ևս ոչ մի դժվար բան չկա՝ ուղղակի միացնում ես համակարգիչը, բացում քո սիրած հավելվածն ու սկսում գրել։ Ահա և վերջ։ Դե, իսկ տառերի տեղն էլ գիտենք։
Ինչի՞ց սկսել
Ես առաջարկում եմ սկսել գրելուց։ Ցանկացած պարագայում գրելն օգտակար է։
Վերցրե՛ք մի ցանկացած տետր ու գրիչ և գրե՛ք։ Գրե՛ք միայն ձեզ համար։ Բնավ պարտադիր չէ, որ այն լինի գեղարվեստական ստեղծագործություն։
Գրեք, թե ինչ եք դուք ցանկանում անել, ինչի եք ուզում հասնել։
Օրինակ կարող եք գրել՝
ուզում եմ ամեն առավոտ վազել,
ուզում եմ ամեն օր նստել ու գրել իմ հոդվածները,
ուզում եմ անել այս աշխատանքային հանձնարարությունը, որ լռվել, մնացել է։
Գրելուց հետո, թե ինչ եք ուզում, գրեք, թե որոնք են այդ նպատակին հասնելու առաջին քայլերը։ Դրանք պետք է լինեն այն ամենապարզ քայլերը։
Տեսեք, թե ինչպես է երեխան սովորում քայլել։ Նա սկսում է ամենապարզ բաներից։ Նախ սկսում է որևէ տեղից բռնած կանգնել։ Հետո՝ առանց բռնելու։ Ապա փորձում է քայլ անել։ Մի քայլ անելն արդեն հաջողություն է, իսկ երեք քայլը՝ լրիվ տոնելու, նշելու առիթ։
Հենց սկսեցիք գրել, թե ինչ եք ուզում անել, արդեն առաջին քայլն արված է։
Հավատքով քայլ արա և դռները կբացվեն
Սկսի՛ր նկարել և կհայտնաբերես, որ դու լավ էլ նկարում ես։
Սկսի՛ր գրել ու կտեսնես, որ լավ էլ ստացվում է։
Սկսի՛ր վազել և մի օր, եթե իրոք ուզես, մարաթոնյան վազորդ կարող ես դառնալ և ստանալ մեդալներ։ Սա բնավ անհնար չէ։ Փորձի՛ր, և արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա։
Սկսիր ցանկացած գործ ու կտեսնես, որ լավ էլ ստացվում է։ «Լավ սկիզբը գործի կեսն է», — ասում է ժողովրդական իմաստությունը։
Միայն թե՝ ինչ-որ անում ես, հավատքով արա։
Ինչպիսին որ սկիզբն է, այնպիսին էլ լինելու է շարունակությունը։
Առաջին քայլն անելու պահին բացվում են բոլոր դռները:
Հավատքով վարվի՛ր, և արդյունքն իրեն չի սպասեցնի։ Մի օր գլուխգործոցներ ես ստեղծելու։
Եւ չմոռանաս՝ հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից։
Որոշեցի՞ր անել՝ փակի՛ր կասկածների դռները և, առանց դեսուդեն նայելու, սկսի՛ր անել։
Ինչպես իմ աղջիկն էր ասում՝ պարզապես վերցրու վրձինը, թաթախիր ներկի մեջ և նկարիր:
Այո, սա այսքան հեշտ է։
Հիմնական դրույթներ
Սկսելու դժվարությունը հաճախ պայմանավորված է սխալվելու վախով
Վախը գալիս է մանկությունից՝ պատժի և քննադատության սպասումից
Կարևոր է գործը սկսել պարզ, փոքր քայլերից
Հաջողության գրավականը հավատն է սեփական ուժերի նկատմամբ
Leave A Reply