Ժամանակները փոխվում են: Աշխարհում տեղի են ունենում խորքային տեղաշարժեր:
Այս փոփոխությունների հորձանուտում խնդիրներին արձագանքելու հին ձևերն այլևս բավարար չեն։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Նախկին գիտելիքը բավարար չէ այս նոր իրավիճակներում ստեղծված խնդիրները լուծելու համար։
Մենք անցնում ենք ճանապարհներով, որոնք նոր են մեզ համար։
Հին փորձը մեզ կարող է միայն սովորեցնել, թե ինչ չանել: Իսկ թե ինչ անել, սովորում ենք հընթացս:
Մենք չենք տեսնում, թե ինչ է սպասում մեզ ապագայում՝ առաջիկա ոլորանից այն կողմ։ Բոլոր ոլորտներում պահանջվում են ապագան տեսնող առաջնորդներ։
Պահանջվում են ապագան տեսնող առաջնորդներ։
Հնարավո՞ր է տեսնել ապագան
Ապագան զգալու և ըստ այդմ գործելու երևույթների մենք հանդիպում ենք ամենուրեք։
Բուսաբանները պնդում են, որ ծառերի արմատները սկսում են աշխատել մինչև գարնան գալը, երբ դեռ լրիվ ձմեռ է, երբ արտաքինից դեռ չկա գարնան գալու և ոչ մի նշան։
Կենդանիները ձմռան մոտենալուն ընդառաջ փոխում են իրենց «հագուստները»։
Հայաստանում Արարատյան դաշտվայրի արագիլները աշնանը չեն չվում, եթե սպասվում է տաք ձմեռ: Եվ, ի զարմանս մեզ, երբեք չեն սխալվում: Ստացվում է՝ նրանք զգում են ինչպիսին է լինելու առաջիկա ձմեռը։
Ապագան զգում է նաև հողագործը, որ վաղ գարնանը ձեռքն է վերցնում հողի գունդը, տրորում և զգում՝ արդեն վարը սկսելու ժամանակն է։
Ակնհայտ է՝ ես կարող եմ որևէ բան տեսնել, եթե այն կա։ Եթե ես տեսնում եմ մի բան, որն իրականում չկա, դա պատրանք է։
Այն ապագան է հնարավոր տեսնել, որը ներկա է որոշակի մի նուրբ հարթությունում։
Ծառերի արմատների, արագիլների, հողագործի մասին կարելի է ասել՝ «Նրանք տեսնում են այն ապագան, որ կանգնած է դռանը և պատրաստ է հայտնվելու»։
Այս երևույթները տեղի են ունենում անգիտակցական հարթությունում։
Եւ հարց է առաջանում՝ «Կարո՞ղ է մարդը գիտակցաբար կառավարել դրանք»:
Մարդն ունի «ապագայի զգայարան»
Այն, որ մարդը որոշակի իրավիճակներում կարող է տեսնել և զգալ ապագայում կատարվելիքը, փաստում են բազմաթիվ օրինակներ։
Լավ դարպասապահը զգում է՝ դեպի որ անկյունն է հարվածում հարձակվողը, իսկ պաշտպանը՝ դեպի ուր է կատարվում փոխանցումը։ Առավել շատ են վկայություններն այն մասին, որ թիմի անդամներն են զգում և՛ թիմակիցների և՛ հակառակորդների հետագա քայլերը։
Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիշել, թե ինչպես է զգացել կամ ինչպես է իրեն երազում հայտնվել ապագայում կատարվելիքը։
Նման երևույթների վերլուծությանն անդրադարձել են նաև հոգեբանները։ Ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից մեկը՝ Ալֆրեդ Ադլերը պնդում է, որ ապագան գուշակելու, տեսնելու ունակությունը տրված է մարդուն շատ հնուց: Այն կարելի է նկատել մարդու հոգեկանի բոլոր անկյուններում։
«Հասկանալ մարդու բնությունը» գրքում մեծ հոգեբանը մի ամբողջ գլուխ է նվիրել այդ հարցին։ Նա գրում է՝ «Հոգեկանը ոչ միայն կարողություն ունի ընկալելու այն, ինչ իրականում կա, այլ նաև՝ կանխազգալու և կանխատեսելու, թե ինչ է լինելու ապագայում»։
Ըստ Ադլերի՝ ապագան կանխազգալու երևույթը անմիջականորեն առնչվում է էմպաթիայի հետ։ Էմպաթիայի ունակությունը մարդուն տրվել է որպես ինքնապաշտպանական միջոց: Այն նպաստում է կանխատեսել հնարավոր վտանգները և լավագույնս գործել հայտնվող ապագայում։ Զարգացնելով էմպաթիան՝ զարգացնում ենք ապագան տեսնելու մեր ունակությունը։
Ապագան գուշակելու երևույթը սերտորեն առնչվում է դիմացինի կամ որոշակի իրադրության հետ մարդու ինքնանույնականանալու ունակության հետ։ Երբ մեզ նույնականացնում ենք որևէ մեկի կամ ինչ-որ երևույթի հետ, սկսում ենք զգալ, թե այն ինչպես է շարունակելու գործել։
Փաստենք՝ մարդն ունի «ապագայի զգայարան»։
Սակայն բաց է մնում հարցը՝ կարո՞ղ է մարդը գիտակցված զարգացնել ապագան տեսնելու իր ունակությունը։
Ճշմարտության զգացումը որպես կանխատեսման նախապայման
Գյոթեն ամեն առավոտ նայում էր երկնքին և փորձում էր գուշակել օրվա եղանակը: Իսկ երեկոյան հետհայաց նայում էր անցած օրվան և ջանում հասկանալ՝ ինչն էր ճիշտ գուշակել, իսկ ինչը՝ սխալ։ Նա այդպես սովորում էր ճանաչել այն զգացողությունները, որոնք իրեն հուշում էին ճիշտը և սխալը։
Ճշմարտության զգացումը ճիշտը ստից զանազանելու մարդու ունակությունն է՝ նման լույսը խավարից զանազանող աչքի։ Որքան այն զարգացած է, այնքան ավելի լավ է մարդը տարբերակում իր մտքերում առկա ճիշտն ու սուտը։
Նկատենք, որ այսօր մեդիա միջոցներով մարդկանց վրա ազդելու տեխնոլոգիաները շատ են զարգացել և շարունակում են զարգանալ։ Դրանց չտրվելը դարձել է կենսական անհրաժեշտություն։
Ճիշտը ստից տարբերակող ճշմարտության զգայարանը զարգացնելը մեր նորօրյա մարդու առաջնահերթ խնդիրներից է։
Որքան ավելի նրբորեն ենք կարողանում տարբերակել ճիշտն ու սուտը, այնքան ավելի պարզ է դառնում նաև ապագայի տեսողությունը։
Մենք բոլորս այս կամ այն կերպ զգում ենք ապագան։ Բայց այդ զգացողությունները աղավաղված են: Դրանք ճիշտ են մասնակիորեն ՝ այնքանով, որքանով զարգացած է ճշմարտության զգացումը։
Զարգացնելով ճշմարտության զգայարանը՝ մենք զարգացնում ենք ապագան տեսնելու մեր ունակությունը։
Ապագան տեսնելն առանձնապես կարևոր է քաղաքականությունում։
Քաղաքականությունը և ապագան տեսնելու ունակությունը
Արիստոտելը սահմանել է. «Քաղաքականությունը պետություն կառավարելու, մարդկանց դեպի երջանիկ ապագա առաջնորդելու արվեստ է»: Իսկ Օտտո ֆոն Բիսմարկն այսպես է լրացրել․ «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է»:
Միավորելով այս երկու մտքերը՝ կարող ենք ասել՝ քաղաքականությունը դեպի հասանելի երջանիկ ապագա առաջնորդելու արվեստ է: Այն կոչված է առաջնորդելու դեպի հասանելի, իրատեսական ապագա:
Ոչ իրատեսականները մնում են կենացների, երազանքների, դատարկ հայտարարությունների և ցանկությունների ոլորտում:
Ինչպես բառն է հուշում՝ իրատեսական ապագան «իրոք տեսնված ապագան է»։
Իրատեսական ապագան «իրոք տեսնված ապագան է»։
Գիտե՞ք արդյոք քաղաքական գործիչների, որ առաջնորդում են իրոք տեսնված ապագա։
Համարձակվեմ հայտարարել, որ նրանք առավելապես առաջնորդվում են անցյալի փորձով, նախկինում ձևակերպված կարգախոսներով, լավագույն դեպքում՝ իրենց բարի ցանկություններով:
Սովորենք տեսնել հայտնվող ապագան
Գյոթեի օրինակով ցանկացած մեկը կարող է իր մեջ արթնացնել և զարգացնել ճշմարտությունը զգալու ունակությունը։ Իսկ սա իր հերթին նպաստում է «ապագայի զգայարանի» զարգացմանը և կայացմանը։
Բնականաբար՝ սա մեկ օրվա խնդիր չէ։ Եւ ոչ էլ անհասանելի մի բան է։ Մեզանից յուրաքանիչյուրի մեջ կան այդ սաղմերը։
Հայտնվող ապագան տեսնելու ճանապարհը հանգամանալից նկարագրված է «Յու Տեսության» հիմնադիր, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի ավագ դասախոս Օտտո Շարմերի և Քեթրին Քաուֆերի հեղինակած գրքում, որ վերնագրված է՝ «Առաջնորդվելով հայտնվող ապագայով»։
Հեղինակները հանգամանալից ներկայացնում են հայտնվող ապագան տեսնելուն տանող փուլերն ու վիճակները։ Ըստ հեղինակների՝ այդ ճանապարհն առավել արդյունավետ է, եթե այն անցնում ենք ոչ միայնակ:
Այդ ճանապարհին խմբի անդամները, դեն դնելով բոլոր խանգարող հոգեկան շարժումները, անցնում են «բաց միտք», «բաց սիրտ» և «բաց կամք» վիճակներով։ Դա նպաստում է, որ մասնակիցները ոչ թե մերժեն իրենց իմացածի հետ չհամընկնող կարծիքը, այլ՝ տեսնեն այնտեղ անպայմանորեն առկա ճիշտը և ամբողջացնեն իրենց ապագայի տեսլականը:
Այդպես վարվելու համար պահանջվում է ներքին մղում և լսելու ունակություն։ Առաջարկված մեթոդիկայի օգնությամբ կարելի է հասնել փոփոխությունների բազմաթիվ ոլորտներում՝ գործնական, հասարակական և անձնական։ Եվ այդ փոփոխությունները համահունչ են լինելու հայտնվող ապագային:
Ժամանակին համահունչ քայլելու պահանջն է՝ սովորել տեսնել ապագան։
Ընդ որում՝ պետք է սովորենք տեսնել այն ապագան, որն իրոք գալիս է և տարբերենք մեր ցանկությունները իրապես տեսանելի ապագայից։
Դրա համար պահանջվում է զարգացնել ճշմարտության զգայարանը, որով մենք կկարողանանք յուրաքանչյուր արտահայտված մտքում զանազանել առկա ճշմարտությունը և դրա հետևում թաքնված սուտը։
Այս որակները օգտակար են բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունում, բիզնեսում, սոցիալական հարաբերություններում, անձնական աճի ճանապարհներին։
Հիմնական դրույթներ
- Ապագան տեսնելու ունակությունը բնական է և զարգացվող
- Ճշմարտության զգացումը առանցքային դեր ունի ապագան տեսնելու հարցում
- Խմբային աշխատանքն ավելի արդյունավետ է ապագան տեսնելու համար
- Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել «բաց միտք», «բաց սիրտ» և «բաց կամք»
- Գիտակցված մոտեցումը թույլ է տալիս տարբերել հնարավոր իրական ապագան ցանկալիից։
Leave A Reply