Մենք ապրում ենք անցումային ժամանակներում:
Փոխվել է ժամանակների հրամանատարը։
Նա առաջնորդում է լիովին նոր, մեզ անծանոթ ճանապարհներով։
Այս պարագայում մեր նախկին փորձը քիչ է օգտակար։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, պահանջվում է ստեղծարարություն։
Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում տեղի են ունենում խորքային փոփոխություններ։
Փոխվում են մեր առօրյան և շրջապատող իրերը։ Նոր ուղղություններ են ձևավորվում գիտության, տեխնիկայի և արվեստի բնագավառներում։ Այլափոխվում են մարդու ներաշխարհն ու միջանձնային հարաբերությունները։ Նոր մարտահրավերներ են առաջանում համաշխարհային քաղաքականության և էկոլոգիայի ոլորտներում։
Հաշվի չնստել այդ փոփոխությունների հետ ուղղակի անհնար է։
Փոփոխություններն իրենց պարտադրում են ամեն քայլափոխի
Նման ժամանակների մասին հնուց ի վեր տարբեր կերպ են արտահայտվել: Ոմանք անցումային ժամանակներում ծնվելը համարել են անեծք: Ոմանք էլ, ինչպես ռուս մեծ բանաստեղծ և գործիչ Ֆեոդոր Տյուտչևը, համարել են երանություն:
Երանի նրան, ով աշխարհ եկավ
Աշխարհի բախտը վճռող պահերին,
Հենց նա է կանչված որպես բարեկամ
Խրոխտ խնջույքին վեհ Ոգիների:
—Ֆյոդոր Տյուտչև «Ցիցերոն» (Թարգմ.՝ Ռաֆայել Պապայանի)
Եվ, իրոք, երանություն է նորի կառուցմանը մասնակից լինելու՝ մեր ժամանակների մարդուն ընձեռված հնարավորությունը։ Եթե միայն մենք գիտակցենք և սովորենք լինել ստեղծարար։
Այսօր մարդը հայտնվել է մի իրականությունում, որտեղ փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ դպրոցներում, բուհերում ստացած գիտելիքը քիչ ժամանակ անց արդեն հնացած ու անկիրառելի է:
Մենք հաճախ հայտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակներում, և խնդիրների լուծման համար պահանջվում են ոչ ստանդարտ քայլեր:
Հին մեթոդները և ուղեցույցները այլևս նույն արդյունավետությամբ չեն գործում, իսկ ավելի հաճախ՝ ուղղակի չեն գործում:
Նոր ժամանակները պահանջում են գտնել նոր արահետներ՝ ճանաչելով տվյալ իրավիճակը և հրվելով այդ պահի՝ նորովի ստեղծված իրականությունից։
Նոր ժամանակները պահանջում են նոր Արահետներ։
Ստեղծված նոր իրավիճակները հարկադրում են ստեղծարար գործել, քանզի անծանոթ են, և հին մեթոդները չեն աշխատում:
Ստեղծարար մոտեցում են պահանջում մարդկային հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները՝ ընտանեկան, ընկերական, գործարար, քաղաքական, համամարդկային…
Ստեղծարար լինելը մեր ժամանակների հրամայականն է:
Ստեղծարարության մասին
Ըստ Վիքիպեդիայի՝
«ստեղծարարությունը գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծարար գործունեությունը անկրկնելի է, ինքնօրինակ և եզակի»:
Ստեղծարարությունը այնպիսի գաղափարներ, այլընտրանքներ, տարբերակներ գտնելու կամ ճանաչելու հակում է, որոնք կարող են օգտակար լինել խնդիրները լուծելու, ուրիշների հետ շփվելու և մեր կամ ուրիշների կարիքները հոգալու համար:
Ստեղծարար լինելու համար պետք է սովորել իրերին նայել նորովի՝ նախկինից տարբեր տեսանկյուններից: Ի թիվս այլ բաների, պետք է կարողանալ ստեղծել նոր հնարավորություններ և այլընտրանքներ:
Այլընտրանքներ ստեղծելու կամ իրերը տարբեր տեսանկյուններից տեսնելու կարողությունը հենց այնպես չի առաջանում։ Այն կապված է մտածողության և հուզական այլ, ավելի հիմնարար այնպիսի որակների հետ, ինչպիսիք են զարմանքը, ճկունությունը, երկիմաստության ու անկանխատեսելիության նկատմամբ հանդուրժողականությունը և ճանաչողության հաճույքը:
Ստեղծարարությունը ենթադրում է եղած կարծրատիպերից դուրս նոր արժեքների ճանաչում, հայտնաբերում և ներկայացում։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք կարողանում ենք «ՉԷ» ասել նախկին մտային և հուզական իներցիաներին, մեր համակրանքներին ու հակակրանքներին։
Ստեղծարարությունը սկսվում է այն պահին, երբ գիտակցում ենք, որ չգիտենք, իսկ կյանքը լուծում է պահանջում:
Եթե իրոք փնտրում ենք ստեղծարար լուծումներ, անհրաժեշտ է սովորել մի կողմ դնել իմացած-չիմացածը, համակրանքներն ու հակակրանքները, ցանկություններն ու ձգտումները, բացվել տիեզերքի առաջ և սպասել։
Իսկ պատասխանն անպայման կհայտնվի։ Այն չի կարող չհայտնվել: Այս մասին են Կաֆկայի խոսքերը՝
«Տնից դուրս գալու կարիք չկա։
Մնա՛ գրասեղանիդ մոտ և լսի՛ր:
Նույնիսկ մի՛ լսիր, ուղղակի սպասի՛ր:
Անգամ մի՛ սպասիր, պարզապես մնա՛ անշարժ ու միայնակ։
Եվ աշխարհը կբացահայտվի։
Այն այլ կերպ չի կարող»:
—Ֆրանց Կաֆկա
Նման բացահայտումները միշտ յուրահատուկ են՝ ստեղծարար:
Եվ մեզնից պահանջվում է ընդամենը լսելու ունակություն։
Ով ականջ ունի, նա կլսի։
Ինչպե՞ս արթնացնել ստեղծարար ունակությունները
Նշենք, որ ստեղծարարությանը պարտադրելով չեն հասնում։ Այն ծնվում է ազատությունից և սիրում է ազատություն։
Ստեղծարարությունը ծնվում է ազատությունից և սիրում է ազատություն։
Մենք ընդամենը կարող ենք ստեղծել միջավայր ստեղծարար ունակությունները արթնացնելու ու զարգացնելու համար և շարունակել փնտրել․․․
Իսկ ո՞րն է մեր անելիքն այս ոլորտում։
Նկատենք, որ մեր ժամանակները առանձնահատուկ են ոչ միայն փոփոխականությամբ: Հարցերի պատասխանները ներկայումս ավելի հասանելի են դարձել։
Մեր այս նորագույն ժամանակներում, եթե մարդն իրոք սրտանց փնտրում է որևէ հարցի պատասխան, անպայման գտնում է: Ընդ որում՝ գտնում է առանց ուշացման, ճիշտ ժամանակին:
Սա առավելապես վերաբերում է ստեղծարարությունը խթանելու, զարգացնելու հնարավորություններին։ Այս ոլորտում գաղտնիքներ չկան: Հարցրե՛ք համացանցին կամ Արհեստական Բանականությանը և կզարմանաք հոդվածների ու գրքերի առատությունից։
Եթե միայն ցանկանանք և փնտրենք, անպայման կգտնենք հենց մեզ անհրաժեշտ վարժություններն ու գործիքները:
Հակիրճ թվարկեմ դրանցից մի քանիսը, ըստ իս՝ առավել կարևորները։
Ստեղծարարության զարգացման գործիքներ
Անձնային որակների զարգացում
Արթնացնել և զարգացնել զարմանալու ունակությունը։
Ստեղծարար մտածողության համար սա թերևս ամենակարևոր ունակությունն է։
Զարմացե՛ք, և աշխարհը կբացվի ձեզ։
Լսելու արվեստը
Որքան էլ զարմանալի է, անհրաժեշտ է սովորել նորովի լսել։ Սովորաբար մենք լսում ենք մակերեսորեն։ Հաճախ անգամ չենք ընկալում ասվածը։ Ուղղակի ժպտում ենք, համաձայնվում և շուտ մոռանում։
Մինչդեռ խորքային լսելը շատ ավելին է։ Այն ենթադրում է մտքով հասկանալ, սրտով զգալ և հաղորդ դառնալ այն ակունքին, որտեղից ասվում է խոսքը։
Խմբային մեթոդներ
Նորը տեսնելուն կարող են նպաստել մտագրոհները։ Մասնակցե՛ք մտագրոհների և կզարմանաք, թե ինչպես է այդ ընթացքում հայտնվում նորը։
Սա խմբային մտագործունեության զարմանալի արդյունքներից է։
Ակտիվ մեթոդներ
Կազմակերպե՛ք զրույց-զբոսանքներ։ Դուրս եկեք ընկերոջ հետ զբոսնելու՝ ինչ-որ հարց կամ խնդիր քննարկելու։ Նախօրոք մտադրվեք միմյանց լսել։
Քայլելն ինքնին նպաստում է կարծրատիպային մտածողության սահմաններից դուրս գալուն։
Հեռանկարի ընդլայնում
Սովորեք տեսնել երևույթները տարբեր տեսանկյուններից։
Եթե Ձեր զրուցակցի տեսակետը թվում է բացարձակ հակադիր ձեր տեսակետին, դա դեռ բնավ չի նշանակում, որ ձեզանից մեկը սխալ է։ Հնարավոր է՝ դուք երկուսդ էլ ճիշտ եք, պարզապես տեսնում եք երևույթը տարբեր դիրքերից։
Ստեղծարար փնտրտուք. օրինակ երեխայի հետ
Պատկերացրեք, որ երեխան հարցնում է ծնողին. “Ինչո՞ւ է երկինքը կապույտ”: Այս հարցին կարելի է մոտենալ տարբեր ձևերով։
Առաջին մոտեցում՝ առավել տարածված տարբերակ․ Պատասխանում ենք “Որովհետև այդպես է”։ Մի փոքր ավելի լավ է, եթե փորձում ենք հիշել դպրոցական դասերից մի բան և կիսատ-պռատ բացատրում։ Կամ էլ վերջապես՝ անտեսում ենք հարցը, փորձում ենք շեղել երեխայի ուշադրությունը, որ չհայտնվենք անհարմար իրավիճակում։
Երկրորդ մոտեցում՝ ստեղծարար փնտրտուք․
- Առաջին անհրաժեշտ քայլն այն է, որ բաց մտքով և սրտով լսում ենք երեխայի հնչեցրած հարցը։
- Հետո ընդունում ենք և ասում երեխային, որ հարցն իրոք հետաքրքիր է և, որ մենք էլ ենք ուզում գտնել այդ հարցի պատասխանը և առաջարկում ենք՝ միասին փնտրել։
- Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր։ Օրինակ՝ երկինքը դիտելու համար միասին, տարբեր ժամերի գնում ենք սովորականից տարբեր տեղեր և փորձում նկատել նրբերանգները;
- Ապա նկարում ենք երկինքը տարբեր գույներով, փորձելով ստանալ մեր տեսածը;
Ստեղծարար մոտեցման դեպքում կարելի է գտնել այլ քայլեր ևս, օրինակ՝ միասին դիտել փորձառու մանկավարժների տեսանյութեր այս թեմայով։
Արդյունքն իրեն սպասեցնել չի տա։ Շուտով կնկատենք, որ երեխան ոչ թե գտնում է իր հարցի չոր պատասխանը, այլ շատ ավելին․
- Ապրում է փնտրելու և գտնելու, ճանաչելու անկրկնելի ուրախությունը։
- Ձևավորվում և որոշակիանում է հետաքրքրասիրությունը, որ կարող է ուղեկցել իրեն իր ողջ կյանքում։
- Ամրապնդվում է ծնող-երեխա կապը;
- Եւ վերջապես՝ ստեղծվում է սովորելու, ճանաչելու դրական փորձառություն։
Այս օրինակը ցույց է տալիս, որ երբ մենք բաց ենք փնտրտուքի համար գտնում ենք ավելին, քան սպասում էինք, բացահայտում ենք նոր կապեր տարբեր երևույթների միջև։ Այսպես զարգանում է մեր ստեղծարար մտածողության ունակությունը։
Պարզվում է՝ փնտրելը ոչ թե պարզապես գուգլում որոնում կատարելն է, այլ բաց լինելը նոր գիտելիքի, փորձի և հայտնագործությունների հանդեպ:
Ամփոփեմ՝ ժամանակների հրամանատարը փոխվել է։ Այս նոր իրավիճակներում մեզնից պահանջվում է լինել ստեղծարար, գտնել նոր մոտեցումներ և նոր լուծումներ։ Սակայն հարցերի պատասխանները ևս մեր կողքին են։ Բավական է փնտրենք, ու պատասխանները կհայտնվեն:
Չմոռանանք, որ ունենք խոստում՝
«Փնտրեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ»
—Մատթևոս 7.7:
Leave A Reply