Կախվածությունների թակարդում
Այսօր վերելակում պատահաբար լսեցի երկու ընկերոջ խոսակցություն։ Մեկը պատմում էր, որ մեգամոլ չի գնում, քանի որ գնալիս տրվում է խանութների մարկետինգային ազդեցությանը և կատարում է գնումներ, որ իրեն բնավ պետք չեն։ Իսկ հետո, բնականաբար, փոշմանում է։
Հավատացեք՝ շատ տարածված թուլություն է՝ մարդը չի կարողանում «ՉԷ» ասել առաջացած ցանկություններին և դառնում է դրանց կամակատարը։
Ճիշտ այդպիսին է նաև սոցիալական ցանցերից կախվածությունը, որը կարելի է անվանել մեր օրերի համավարակ։
Ես նկատել եմ, որ կան անգամ վարորդներ, որ հեռախոսը ձեռքերին, ինչ-որ խաղ խաղալով կամ որևէ տեսագրություն նայելով են վարում իրենց մեքենաները։
Տեսել եմ նաև զբոսաշրջիկների մի նկար․ մարդիկ Վենետիկում, նստած գոնդոլների մեջ, կլանված նայում են իրենց հեռախոսներին։ Նրանք չեն տեսնում շրջապատի գեղեցկությունը, նրանք «այլ աշխարհում» են։ Կան մարդիկ, որ անգամ քնել չեն կարողանում առանց հեռախոսների, իսկ արթնանալիս առաջին հերթին ձեռքերը մեկնում են հեռախոսներին, որ նորից հաղորդ դառնան իրենց սովորած այդ, չեմ վարանի ասել, թունավոր աշխարհին։
Նման կախվածություններ կան գրեթե բոլոր ոլորտներում։
- Մենք ինքնամոռաց տրվում ենք քաղաքական բանավեճերին, որոնք կարող են վերածվել փոխադարձ վիրավորանքների, մինչև անգամ՝ ծեծկռտոցի։ Դրա հետևանքով եղբայրներ են կռվում, ընտանիքներ են քանդվում։
- Կարող ենք, մոռանալով ժամանակը, ողջ երեկոն անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առաջ և դիտել անիմաստ, մեզ ոչինչ չասող ֆիլմեր, սերիալներ։
- Նման, գուցե ավելի վտանգավոր, կախվածություն է նաև ծխելը։ Բազմաթիվ մարդկանց գիտեմ, որ հստակ տեսնում են, որ ծխելն իրենց բնավ պետք չէ, սակայն չեն կարողանում «ՉԷ» ասել այդ ցանկությանը և ազատվել կախվածությունից։
Հետևությունը մեկն է՝ մենք պետք է սովորենք չտրվել տարատեսակ ցանկություններին, ազատվել կախվածություններից։
Բուդդիզմն ուսուցանում է՝ բոլոր տառապանքների արմատը կախվածությունն է։
Հավանաբար, կարդալով այս տողերը, դուք քմծիծաղ եք տալիս և ասում՝ «Էհ, ո՞վ չգիտի դա, իսկ դու կարո՞ղ ես ասել, թե ոնց ազատվենք կախվածություններից կամ չտրվենք տարատեսակ գովազդներին»։
Ազատվելու համար տարատեսակ կախվածություններից, ես առաջարկում եմ մի պարզագույն վարժություն։ Համոզված եմ, որ այն օգտակար կլինի այս չափազանց արժեքավոր գործում։
Սակայն մինչ այդ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում, այս փորձառությունը մեզ ի՞նչ է սովորեցնում։
Ի՞նչ է այս փորձառությունը մեզ սովորեցնում
Այս ամենն աննպատակ չէ։ Մեր կախվածությունները մեզ ուսուցանող դասեր են։
Եթե ուզում ենք անցնել առաջ, պետք է այդ դասերը սովորենք։
Եվ ի՞նչ են մեզ սովորեցնում այս կախվածությունները՝ սկսած ծխելուց, վերջացրած Յութուբ կամ Ֆեյսբուք նայելով։
Մի պահ կողքի կանգնենք և հետհայաց դիտենք մեր այդ վիճակները և հարցնենք ինքներս մեզ՝ «Ի՞նչ է այս ամենը սովորեցնում մեզ»։
Առաջին ակնհայտ բանը, որ սովորեցնում է, հետևյալն է՝ նման պահերին մենք դարձել ենք այդ չգիտես որտեղից հայտնված ցանկության կամ սովորության գերին։
Փորձեք դիտել և կտեսնեք, թե ոնց է հայտնվում ասենք որևէ բան գնելու կամ ծխելու ցանկությունը և գրավում, տանում մեզ մի տեղ, որ մերը չէ, որ մեզ բնավ պետք չէ։
Նման վիճակներում մենք տերը չենք մեր ուշադրության։
Փաստորեն հայտնված ցանկությունը գողանում տանում է մեր ունեցած ամենաթանկ բանը՝ ուշադրությունը։
Ամբողջ աշխարհը՝ հեռուստատեսությունները, սոցիալական ցանցերը, կուսակցությունները, քաղաքական գործիչները, արտադրողները, վաճառողները այսօր կռիվ են տալիս մեր ուշադրության համար։ Հավանաբար, նրանք մեզանից ավելի լավ գիտեն մեր ուշադրության արժեքը, որն, ըստ իս, ամենաթանկ բանն է աշխարհում, եթե ոչ` տիեզերքում։
Ես առաջարկում եմ մի պարզ վարժություն, որը կօգնի մեզ լինել տերը մեր ուշադրության, լինել վկան երևույթների, ոչ թե` նրանց գերին։
Մի պարզ վարժություն
Այս վարժությունը զարմանալիորեն պարզ է և միաժամանակ գործուն։ Այն նպաստում է, որպեսզի խաղաղությունը մտնի մեր տուն, և մենք ազատվենք տարատեսակ կախվածություններից։
Եթե որոշել եք ազատվել ինչ-որ կախվածությունից, ապա կատարեք այս պարզ վարժությունը։ Այն ձեզանից գրեթե ժամանակ չի պահանջում։
- Գտեք հինգ րոպե ազատ ժամանակ։ Դա կարող է լինել առավոտյան, կեսօրին կամ քնելուց առաջ։
- Հանգիստ նստեք որևէ խաղաղ տեղում՝ այգում, տանը ձեր սենյակում կամ աշխատավայրում։
- Միացրեք ժամանակացույցը (Timer), որ հինգ րոպեից ձեզ հիշեցնի ավարտի մասին։
- Աչքերը փակեք և պարզապես հետևեք ձեր շնչառությանը կամ մտքերին մինչև կավարտվի ժամանակը։
Այսպիսի մի պարզ վարժություն։
Եթե ընթացքում նկատում եք, որ մտքերը ձեզ տարել են չգիտեմ որտեղ, ժպտացեք և նորից վերադարձեք ձեր՝ դիտողի վիճակին։
Նշեմ, որ սա մեդիտացիա չէ։
Այդ հինգ րոպեների ընթացքում մենք աշխատում ենք լինել վկան հայտնված մտքերի, ցանկությունների, ներքին մղումների։
Արեք այս վարժությունը քսանմեկ օր, օրական երեք անգամ, և արդյունքներն իրենց սպասել չեն տա։
Ինչպես հին արևելյան ասացվածքն է ասում, քսանմեկ օր գնում ես ճանապարհ և քսաներկուերորդ օրը տեղ ես հասնում։
Նշեմ, որ հենց երկրորդ կամ երրորդ օրն արդեն արդյունքը նկատելու էք։ Մի նոր ուրախության և ազատության զգացողություն է հայտնվելու։
Այս վարժությունները կարող են դառնալ այն դուռը, որտեղից խաղաղությունը մտնում է մեր տուն։
Արա՛ այս վարժությունը և թու՛յլ տուր, որ խաղաղությունը մտնի քո տուն։
Կարճ ժամանակ անց դու կսովորես լինել ոչ թե գերին, այլ վկան նաև այն մտքերի և ցանկությունների, որոնք քեզ առանձնապես անցանկալի են և որոնցից դու կամենում ես ազատվել։
2 Comments
Անպայման կփորձեմ, կսկսեմ այսօր։ Շնորհակալ եմ։
Ողջույն, սիրելի Ստելլա։
Շնորհակալ եմ, որ հավանել եք։