Չկա մեկը, ում կյանքում չեն լինում անհաղթահարելի թվացող դժվարություններ։
Ե ՛վ ես, և ՛ դուք բավականին հաճախ հայտնվում ենք դժվար իրավիճակներում։ Երբեմն դրանք այնքան ծաներ են լինում, որ թվում են «անելանելի», «անհաղթահարելի»։
Նման պահերին մեզ թվում է, թե այլևս որևէ ելք չի կարող գտնվել ստեղծված իրավիճակից։ Ամեն ինչ երևում է գորշ գույներով։ Կյանքը դառնում է անիմաստ։ Մեր ամենօրյա գործերն անգամ դժվարանում ենք անել։ Չենք տեսնում որևէ հնարավոր շարունակություն։ Հույսներս կորցնում ենք և հայտնվում դեպրեսիայի ու ապատիայի վիճակներում։
Ի՞նչպես վարվել նման դեպքերում։
Առաջին քայլերը
Առաջին և ամենակարևոր քայլն ինքներս մեզ հետևյալ հարցը տալն է՝ «Ես ուզու՞մ եմ այս դժվարություններից դուրս գալ, թե՞ ոչ»։
Թվում է, թե ակնհայտ է պատասխանը՝ բոլորն էլ, հայտնվելով դժվարություններում, ուզում են հաղթահարել դրանք և դուրս գալ։ Սակայն այս պարագայում կարևոր է, որ մարդը տա այդ հարցը, և ինքն իր համար հնչեցնի «ակնհայտ» պատասխանը՝
«Ես ուզում եմ դուրս գալ այս դժվարություններից»։
Երբ խոսքերով ձևակերպում և հնչեցնում ենք այդ միտքը, այն որոշակիանում է: Մեր ներսում առաջանում է դժվարությունները հաղթահարելու կամք, ներքին մղում։ Սկսում է նաև որոշակիանալ իրավիճակից դուրս գալու ուղղությունը։
Հաջորդ հարցը, որ պետք է ինքներս մեզ տանք հետևյալն է՝ «Ի՞նչ անել, որո՞նք են այն քայլերը, որ դուրս կբերեն այս մութ աշխարհից: Ո՞նց գտնեմ դեպի լույս տանող Արահետը»:
Նման «անելանելի» իրավիճակներից ելքը գտնելու ճանապարհը սկսվում է հենց այս հարցերից։ Երբ սկսում ենք մտորել այս հարցերի շուրջ, տեղի է ունենում տեղաշարժ։ Հուսահատության զգացումը սնուցող մտքերին սկսում է փոխարինել հարցը՝
«Ո՞նց գտնեմ Ճանապարհը»։
Տեղի է ունենում ներքին վերափոխում՝ ընկճախտի զոհից դառնում ենք նա, ով ելք է փնտրում։ Հայտնվում ենք մի նոր վիճակում՝ ինքներս մեզ ասելով՝ «Ես նա եմ, ով ուզում է դուրս գալ այս իրավիճակից և փնտրում է ելք»։
Հենց այդ հարցերը ձևակերպեցինք և սկսեցինք մտորել դրանց շուրջ, մենք ճանապարհին ենք, առաջին քայլերն արված են։ Մենք ելքեր ենք փնտրում։
Փնտրում ենք ամենուր
Դժվարություններում հայտնված մարդկանց ամենից շատ խանգարում է հուսահատությունը։ Նրանք վարվում են այնպես, ասես այդ տառապանքները վերջ չունեն։
Եւ եթե չենք հավատում հնարավոր ելքին, չենք էլ փնտրում այն։ Ու եթե չենք փնտրում, բնականաբար, չենք էլ գտնում։
Նման իրավիճակներում մենք պետք է մտածենք՝ «հնարավոր է , որ ես սխալվում եմ»։ Չէ՞ որ ակնհայտ է՝ մենք շատից քիչը գիտենք: Այո, մեր իմացածը անվերջ ավելի փոքր է, քան չիմացածը։
Իհարկե մենք չենք տեսնում ելքը: Բայց սկզբունքորեն չենք կարող իմանալ՝ ելք կա, թե՞ ոչ: Ուրեմն, ճիշտ հետևությունը կարող է լինել սա՝
«Հնարավոր է՝ իրականում ելք կա, բայց ես այն չեմ տեսնում»:
Ցանկացած դժվար իրավիճակից միշտ ելք կա։ Ուղղակի մենք այն չենք տեսնում։ Իսկ չենք տեսնում, քանի որ կանխավ համարում ենք, որ միևնույն է ելք չկա:
Ուրեմն՝ ի՞նչ անել:
Սկսենք փնտրել այդ հնարավոր ելքը: Փնտրենք համացանցում, սրտացավ մարդկանց խորհուրդներում, կարդացած գրքերում: Օգտակար կարող են լինել այն մարդկանց օրինակները, ովքեր կարողացել են հաղթահարել դժվարությունները և գրել իրենց պատմությունը: Ցանկացած պատահած դիպված կամ կարդացած միտք կարող է ցույց տալ հնարավոր ելքը, եթե մենք այն փնտրում ենք։
Հավատացնում եմ ձեզ՝ անելանելի իրավիճակներ չկան։ Բավական է փնտրենք, և ելքերը կհայտնվեն։
Սակայն քանի որ չգիտենք որտեղ փնտրել, փնտրում ենք ամենուր:
Դուրս եկեք քայլելու
Առաջին խորհուրդը, որ ցանկացած խնդրի լուծման համար օգտակար է, հետևյալն է՝ «դուրս եկեք քայլելու»։
Քայլիր և ինքդ քեզ հարցեր տուր՝ որո՞նք են իմ դժվարությունների պատճառները, ո՞նց գտնեմ լուծումներ այս խնդիրներին։ Քայլելիս նայիր երկնքին, մարդկանց, ծառերին, անցնող մեքենաներին ու շարունակիր մտորել քո հարցերի շուրջ։ Թող քո ուշադրությունը անցնի մեկից մյուսին։ Պտտիր քո խնդիրները մտքումդ։ Նայիր այս կողմից, այն կողմից և թույլ տուր, որ պատասխանները հայտնվեն։
Չկասկածես՝ նրանք հայտնվելու են։ Հավատա՝ փնտրողը գտնում է:
Լուծումները շատ ավելի հեշտությամբ կգտնվեն, եթե ժամանակ հատկացնենք և գնանք քայլելու սարերում, անտառներում:
Քայլեք և կզարմանաք , թե ինչ հեշտությամբ են հայտնվում խնդիրների հնարավոր լուծումները։
Քայլելն օգնում է, քանի որ փոխվում է միջավայրը, որտեղ մենք սովոր ենք լինել հուսահատ, չտեսնել ելքեր:
Պետք է փոխել իրավիճակը:
Կատարեք փոփոխություններ
Եթե ուզում եք իրոք հաղթահարել դժվարությունները, դուրս գալ դժվար իրավիճակից, սկսեք կատարել փոփոխություններ։
Անհեթեթ է մտածել, թե հնարավոր է լուծել խնդիրները նույն տեղերում, որտեղ դրանք ծնվել և բարգավաճում են:
Սկսեք ամենապարզ փոփոխություններից։ Վերադասավորեք սենյակի կահույքը, փոխեք մահճակալի դիրքը, ճաշացուցակը, մի խոսքով՝ հնարավոր ամեն ինչ: Փոխեք ձեր առօրյան:
Ահա մի քանի առաջարկություններ.
- Օրը սկսեք մեկ բաժակ ջուր խմելուց։
- Ամեն առավոտ կատարեք ֆիզիկական վարժություններ։
- Քնելուց առաջ դուրս եկեք զբոսնելու։
- Փոխեք աշխատանքի գնալու երթուղին։ Եթե գնում եք ավտոբուսով, մեկ-երկու կանգառ շուտ իջեք և շարունակեք ձեր ճանապարհը ոտքով։
- Կես ժամ շուտ պառկեք քնելու և կես ժամ շուտ արթնացեք:
Իսկ ավելի լավ է՝ ինքներդ որոշեք, թե ինչ փոփոխություններ իրականացնեք:
Ինձ կհարցնեք՝ ինչ կապ կարող է ունենալ մեկ բաժակ ջուր խմելը կամ առավոտյան վարժություններ անելը իմ դժվար իրավիճակից դուրս գալու հետ։
Պատասխանեմ՝ եթե ես առավոտյան արթնանալիս մեկ բաժակ ջուր եմ խմում, այդ սովորությունը դառնում է օրվա նոր սկիզբ։ Այն առաջ է բերում նոր փոփոխություններ նաև իմ հաջորդ անելիքներում։
Նոր սկիզբը նոր շղթա է ստեղծում, և ես հայտնվում եմ նոր իրավիճակներում։ Սկսում է քանդվել քայլերի հաջորդականությունը, որ հանգեցնում էր այդ դժվար վիճակներին։ Ստեղծված նոր իրավիճակից ես նորովի եմ տեսնում և գնահատում երևույթները և տեսնում եմ քայլեր, որ նախկինում չէի տեսնում։
Նպաստում է նաև այն, որ նոր իրավիճակում ինձ չեն ճնշում նախկին անհուսության, անկարողության զգացողությունները։
Փոխեք հնարավորը և այն «անհնար» թվացողում ևս կնկատեք փոփոխություններ:
Արեք քայլեր և կնշմարեք բազմաթիվ հնարավորություններ:
Նման փոփոխություններն իրոք օգտակար են։ Սակայն առավել օգտակար կարող է լինել, եթե փոխելով մեր օրակարգը, սկսենք ամեն օր գրել։
Գրելը լավագույն օգնական
Ցանկացած անհասկանալի իրավիճակում գրելն օգնում է գտնել պատասխաններ։ Այն անփոխարինելի օգնական է, եթե հայտնվել եք «անելանելի» թվացող վիճակներում:
Օրվա մեջ հատկացրեք 15-30 րոպե գրելուն և շուտով կզարմանաք, թե որքան օգտակար կարող է լինել գրելը հաղթահարելու դեպրեսիվ, անկումային տրամադրությունները։
Ինչի՞ց սկսել։
Առաջին քայլերը պարզ են։ Գնացեք գրախանութ, գնեք ձեր սրտով տետր և գրիչներ։ Ապա որոշեք՝ որտեղ և երբ գրել ձեր գրությունները։
Անձամբ ես գերադասում եմ գրել խոհանոցում, առավոտները, արթնանալուց անմիջապես հետո։
Ուղղակի սկսեք գրել այն, ինչ գրվում է։ Գրեք և հետ մի նայեք։ Կարևոր չեն տառասխալները։ Անգամ կարևոր չէ , թե ինչ եք գրում։ Գրեք այն ամենն, ինչ ձեր մտքին գալիս է, ինչը հուզում է ձեզ:
Գրելը կօգնի այլ աչքերով տեսնել և դասակարգել ձեր խնդիրները, հասկանալ առաջնահերթությունները: Այն սովորեցնում է լսել ինքներս մեզ:
Հարցրեք ձեզ՝ «ինչու՞ եմ ես հայտնվել այս իրավիճակում», «ո՞նց գտնեմ լուծումներ» և կլսեք պատասխանները: Գրեք առաջին հայտնված մտքերն առանց վերլուծելու դրանց ճիշտ կամ սխալ լինելը։ Շարունակեք գրել, և պատասխանները կհայտնվեն, դուք ավելի հստակ կսկսեք տեսնել լուծումները:
Ասում են՝ երկու էջից ավել մարդը չի կարողանում ստել:
Գրելը օգնում է այլ աչքերով տեսնել իրավիճակը: Երբ մենք գրում ենք, փոխվում է երևույթի նկատմամբ մեր կարգավիճակը: Մինչ այդ մենք դժվարությունների առարկան էինք, ինչ- որ իմաստով՝ զոհը: Հենց սկսում ենք գրել դրանց մասին, դառնում ենք դիտորդը և վերլուծողը: Եթե հարց ենք տալիս, փնտրում պատասխան և գրում, արդեն զոհ չենք, այլ՝ վկա, դիտորդ:
Հայտնի օրենք է՝ հենց հայտնվում է դիտորդը, իրավիճակը փոխվում է:
Մարդը միշտ ունի ազատություն հայացքն ուղղելու ցանկացած ուղղությամբ: Վիկտոր Ֆրանկլը պնդում է՝ «Մարդուց ամեն ինչ կարելի է խլել, բացառությամբ մի բանի՝ մարդու ազատության վերջին մասնիկը` ցանկացած պայմաններում սեփական ներքին վերաբերմունքը, սեփական ուղին ընտրելու ազատությունը»:
Եւ գրելը լավագույնս նպաստում է իրականացնելուն այդ ազատությունը՝ գտնելուն մեր ուղին։
Եւս մեկ խորհուրդ
Եթե հայտնվել եք դժվարություններում և չեք կարողանում լուծումներ գտնել, միայնակ գնացեք որևէ մոռացված, հին եկեղեցի։ Հանգիստ նստեք կողքի քարին և ձեր մենության մեջ շշնջացեք Աստծո ականջին՝ «Տուր ինձ իմաստություն՝ գտնեմ իմ ճանապարհը»։
Չկասկածեք՝ պատասխանը հայտնվելու է և տեսնելու եք «աննշմար Արահետը»:
Leave A Reply