«Տգիտությունը հանգեցնում է վախի, վախը՝ ատելության, իսկ ատելությունը՝ բռնության: Սա հավասարում է։»
—Իբն Ռուշդ
Ո՞վ կարող է ասել՝ ինչու է այսպես։ Ինչու՞ չի գտնվում մեկը, որ ցանկանա տեսնել իր ընդդիմախոսի խոսքերում այն, ինչ պակասում է իր հասկացածում։
Ինչու՞ մենք այդպես էլ վեճից չենք կարողանում անցնել երկխոսության, որի արդյունքում երկու կողմն էլ մեկը մյուսի գիտեցածով հարստացած կլինի, քանի որ դիմացինի խոսքերում կլսի հենց այն, ինչն իրոք պակասում էր իր պատկերացումներում։
Մեզ հետ պատահածը մի՞թե բավական չէ հասկանալու համար, որ ատելությունը ատելություն է ծնում, իսկ չարության խոսքը՝ չարություն։ Թվում է՝ պետք է ակնհայտ լինի, որ միմյանց պիտակավորելով և հայհոյելով չենք կարող հասնել այն բաղձալի համերաշխությանը, որի մասին այսօր շատերն են խոսում։
Ստացվում է շատ տարօրինակ պատկեր՝ բոլորս խոսում ենք ազգային համերաշխությունից, սակայն համատեղ ուժերով ստանում ենք այն, ինչն այսօր ունենք՝ բաժանումներ, հայհոյական և ատելության խոսք։
Փորձենք հասկանալ, թե ինչու է այսպես։
Իմացության պակասը ծնում է վախ
Ամեն ինչ սկսվում է այն բանից, որ մենք չենք գիտակցում մեր իմացածի սահմանափակությունը, չենք տեսնում, որ մեր իմացածը ամբողջի մի չնչին մասն է։
Մենք շատից քիչը գիտենք, և այդ գիտեցածն էլ անվերջ փոքր մեծություն է։
Սակայն համարում ենք, թե գիտենք։ Ինչու՞։
Մարդկային բնությունն է այդպիսին՝ այն չի հանդուրժում անորոշություններ։ Ցանկացած անորոշ իրավիճակում մենք բնազդաբար ձգտում ենք գտնել մեզ համար ընդունելի որևէ բացատրություն, միայն թե վերացնենք անորոշությունը։
Հնարում ենք միֆեր, դավադրապաշտական տեսություններ, ցանկացած մի բացատրություն՝ միայն թե չմնա անորոշություն։ Սա փախուստ է։
Անորոշության հանդիպելիս մենք այնքան արագ ենք փախչում, որ չենք նկատում անգամ մեր փախուստը։
Սակայն իրականությունը համառ է։ Ոչ մի հնարած տեսություն չի օգնի փախչել իրականությունից։ Մեր հնարածը ճաքեր է տալիս, և նորից հայտնվում է անորոշությունը, որն էլ, գիտակցենք թե ոչ, մեր ներսում արթնացնում է դեռ անտիկ դարերից մնացած վախը։
Ընդհանրապես՝ բոլոր վախերը վախ են անորոշությունից։
Վախը կուրացնում է
Երբ վախենում ենք, տեղի է ունենում մտքի խավարում։ Մենք անգամ չենք նկատում, որ վախենում ենք։ Վախենում ենք անգամ խոսել մեր վախերի մասին։ Կարծում ենք, թե մեր խոստովանությունը կնսեմացնի մեզ։ Այդ պատճառով էլ ավելի ու ավելի համառորեն ենք պնդում, թե մենք ճիշտ ենք։
Հիշենք «Լիր արքայի» կույրերի խոսակցությունը․
Քեզ ապակյա աչքե՛ր գնիր ու ձևացրո՛ւ, / Իբրև մի ստոր քաղաքագետ, որ տեսնում ես` / Ինչ չես տեսնում:
— Շեքսպիր, «Լիր արքա», Թարգմանությունը` Արամ Թոփչյանի

Մենք սկսում ենք ձևացնել, թե գիտենք ճիշտը։ Հետո սկսում ենք հավատալ մեր այդ «ճշտին»։
Երբ վախին միանում է մեծամտությունը, սկսում ենք պնդել, որ մեր իմացածը միակ ճիշտն է։ Մենք դադարում ենք տեսնել հնարավոր այլ լուծումներ և զարգացման այլընտրանքներ։ Որոշակի իմաստով, իրոք կուրանում ենք։ Ուղղակի չենք տեսնում այն ամենն, ինչ տարբեր է մեր իմացածից։
Ավելին՝ եթե մի որևէ միտք տարբերվում է, մենք այն մոլեռանդորեն մերժում ենք և մատնում անաֆեմայի այդ մտքի կողմնակիցներին։
Մենք հայտնվում ենք մեր իմացածի պղպջակում, որից այն կողմ ոչինչ չենք տեսնում։
Այսպես ծնվում են աղանդները, մոլեռանդությունը, ֆունդամենտալիզմը և տարատեսակ իրենց «ճիշտ» համարող տեսությունները։
Չմոռանանք՝ «Կույրը կույրին եթե առաջնորդի, երկուսն էլ փոսն են ընկնելու»։
Ատելության խոսքի ծնունդը
Ինչու՞ են մարդիկ իրենց իմացածը համարում «միակ ճիշտ»։
Պատասխանը զարմանալիորեն պարզ է՝ նրանք վախենում են տեսնել, որ իրենք սխալ են։ Վախը կուրացնում է նրանց։ Սխալ լինելու փաստն ընդունելը հավասարազոր է դառնում իրենց աշխարհի փլուզմանը։
Չէ՞ որ իմացածից այն կողմ անորոշություն է։ Իսկ դա մահվան պես մի բան է։ Այդ պատճառով էլ մարդիկ ատում են իրենց իմացածից տարբեր կարծիքները, ատում են այլակարծությունն ընդհանրապես։ Ամեն գնով ջանում են ապացուցել, որ իրենց իմացածը ամենա-ամենան է։
Իրենց «ճիշտը» դիմացինին ապացուցելը դառնում է կենաց-մահու պայքար։ Գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները։
Երբ չեն հերիքում բանական փաստարկները, հայտնվում է ատելության խոսքը։
Եթե հնչում է ատելության խոսքը, ուրեմն խորքերում կա անորոշությունից սնվող վախ և փախուստ իրականությունից։
Ցանկացած ատելության հիմքում ի վերջո վախն ու իմացության պակասն է։
Ճշմարտության որոնում թե՞ ինքնահաստատում
Ընդհանրապես գիտակից մարդկանց հարաբերություններում զրույցի նպատակը հասկանալն է, միասին ճշմարտությունը փնտրելը։
Սակայն, երբ կարծում ենք, որ մեր գիտեցածը միակ ճիշտն է, խոսակցության իրական նպատակը փոխվում է։ Մենք այլևս չենք փորձում հասկանալ ընդդիմադիր տեսակետի հիմքերը և դրանցով ամբողջացնել մեր իմացած ճշմարտությունը։ Մեր նպատակը դառնում է ընդդիմախոսին հաղթելը, քանի որ վախենում ենք սխալ դուրս գալուց։
Այդ ոչ բարոյական նպատակին հասնելու համար մենք սկսում ենք օգտագործել անարժան գործիքներ։ Խնդիրը դիտարկելու փոխարեն անցնում ենք պիտակավորելուն և անձերի քննարկմանը։ Խորամանկորեն տեղափոխում ենք մեր ուշադրությունը խնդրի էությունը քննելուց այլ տեսակետ ներկայացնողների անձերին։
Հետո խոսակցությունը դառնում է բանավեճ, սկսում ենք խոսել բղավելով։ Ապա անցնում ենք անձնական վիրավորանքների։
Այսպես ծնվում է ատելության խոսքը, որի արդյունքում չի կարող լինել նորի ճանաչում։ Փոխարենը շատանում են բաժանումները, և ավելի ու ավելի է դժվարանում միասին կառուցողական որևէ բան անելը։
Ատելության խոսքը քաղաքական խոսույթում
Ատելության հայհոյական խոսքը, միմյանց պիտակավորելը, անձնական վիրավորանքների անցնելն առանձնապես շատանում է նախընտրական ժամանակներում։
Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե բանավիճող կողմերը լիովին մոռացել են իրենց ձևակերպած կամ չձևակերպած քաղաքական նպատակները, և միակ նպատակը ամեն գնով դիմացինին սխալ հանելն է։
Հաճախ լսում ենք՝ «Միայն թե «X»-ը չլինի, ամեն ինչ լավ կլինի»։ «X»-ի փոխարեն կարող եք տեղադրել ձեր լսած ցանկացած վիրավորական խոսք՝ «թուրք», «ժեխ», «դավաճան», «կաշառակեր», «ագենտ», «գործակալ»։ Նման բառերը մեր խոսույթում ցավալիորեն շատ են։
Դրանք ստեղծում են ատելության, չարության, բաժանումների մթնոլորտ, որում անհնար է համախմբվել և լուծումներ գտնել մեր առջև ծառացած խնդիրներին:
Այն անվերադարձ վնասում է հնարավոր երկխոսությանը և խոչընդոտում կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալուն։
Ատելության խոսքը փակում է երկխոսության ճանապարհը:
Ատելության խոսքն ընդդեմ միասնության
Թերևս ոչ մեկը դեմ չէ միասնական լինելուն։ Բոլոր քաղաքական ուժերը կոչ են անում համախմբվել ու լինել միասնական։
Բոլորս հիշում ենք և կրկնում հանճարեղ Չարենցի պատգամը՝ «Ով հա՜յ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Ցանկացած ոլորտում հաջողության հասնելու լավագույն կերպը միասնական գործելն է։ Մեր պետության կայացումն առավել ևս նման միասնություն է ենթադրում։
Այդ միասնականության, հետևաբար՝ նաև պետականության թիվ մեկ թշնամին ատելության հայհոյական խոսքն է, որ հնչում է քաղաքական հակադիր տեսակետներ ունեցողների կողմից։
Հավատացեք՝ ատելության խոսքը ընդամենը բաժանումներ և թշնամանք է սերմանում։ Այն չի կառուցում։
Եթե մեր նպատակը մեր՝ մեծ և ուժեղ լինելն ապացուցելը չէ, այլ՝ մենք կամենում ենք ճանաչել երևույթը և գտնել մեզ հուզող խնդիրների լուծումները, պետք է կարողանանք գտնել միջոցներ զսպելու մեր ցածրագույն բնազդային մղումները և սովորենք խաղաղության մեջ լսել, հասկանալ ընդդիմախոսներին։
Ցանկացած բանավեճի ժամանակ պետք է հիշել՝ յուրաքանչյուր տեսակետ ընդամենը հիպոթեզ է, որը դեռ պետք է ստուգել և հասկանալ դրա ճիշտ և սխալ կողմերը։
Ընտրենք էմպաթիան և երկխոսությունը
Ատելության հայհոյական խոսքն ու պիտակավորումը մեր հասարակության մեջ, հատկապես քաղաքական հարցեր քննարկելիս, դարձել են սովորական:
Յուրաքանչյուր անգամ, երբ դիմում ենք դրան, արժե հիշել՝ մենք ոչ միայն չենք լուծում խնդիրները, այլև սերմանում ենք բաժանումներ, անհանդուժողականություն և ատելություն։
Սակայն միասնական լինելու համար պահանջվում է էմպաթիա, միմյանց լսելու և հասկանալու ունակություն։ Միայն այս ճանապարհով կարող ենք հաղթահարել մեր վախերը, ընդլայնել մեր իմացությունը և գտնել այն ընդհանուր հողը, որի վրա կարող ենք կառուցել մեր ընդհանուր ապագան:
Եթե կամենում եք հայրենիքի, պետության, ընտանիքի, հարազատի համար մի լավ բան անել, ապա հիշեք՝ դիմացինին սխալ հանելը կամ հայհոյական խոսքը դրան չի ծառայում։
Հավատացե՛ք՝ այն չի նպաստում երևույթների խորհուրդը հասկանալուն, առավել ևս՝ լավագույն ճանապարհները գտնելուն։
Եկեք սկսենք մեզանից՝ յուրաքանչյուր անգամ, երբ ցանկանում ենք դիմել ատելության խոսքի, հիշենք, որ դա մեր վախի և անվստահության արտահայտությունն է:
Փոխարենը՝ փորձենք հասկանալ, թե ինչու է մեր դիմացինը մտածում այլ կերպ: Միգուցե հենց այդտե՞ղ է թաքնված այն իմաստությունը, որը պակասում է մեր պատկերացումներում:
Մերժենք ատելության խոսքը՝ այն տուն է քանդում։
Ընտրենք էմպաթիան, միմյանց լսելը և երկխոսությունը։
2 Comments
This reflection is well-written and powerfully illustrates how fear and ignorance drive division, turning dialogue into confrontation. The instinct to cling to certainty blinds us to alternative perspectives, transforming conversations into battles rather than opportunities for growth. Hate speech emerges not from strength but from insecurity—an attempt to silence uncertainty rather than engage with it. True understanding requires humility, a willingness to listen, and the courage to acknowledge that our knowledge is always incomplete. Instead of rejecting dissent, we should seek enrichment through dialogue, recognizing that only through shared understanding can we build genuine solidarity.
Artashes Sevada Grigorian ջան, Ձեր այս փոքրիկ մեկնաբանությունը ներկայացնում է այս հոդվածի բուն ասելիքը։
Շատ շնորհակալություն Ձեր այս մեկնաբանության համար։
Իրոք՝ ճշմարտապես ճանաչելը ենթադրում է խոնարհություն և քաջություն խոստովանելու, որ մեր իմացածը սահմանափակ և ոչ ամբողջական է։